Այսօր տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով ընտրություններ են անցկացվում Ստեփանավան, Կապան և Իջևան համայնքներում, իսկ Արզնի և Լերմոնտովո համայնքներում անցկացվում են մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ: Արզնի համայնքում ընթանում է ավագանու անդամի ընտրություն, Լերմոնտովոյում ՝համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ: Այս մասին հայտնում է ԿԸՀ-ն:
Նշված ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են ընդհանուր թվով 99 տեղամասեր:
Առավոտյան՝ ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 99 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին: ՏԻՄ ընտրությունների ժամանակ ընտրողների էլեկտրոնային գրանցման նպատակով օգտագործվում է 167 տեխնիկական սարքավորում:
Ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար հավատարմագրվել են 8 տեղական հասարակական կազմակերպություններ, ինչպես նաև քվեարկության օրն ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում իրականացնելու համար հավատարմագրվել են 20 զանգվածային լրատվության միջոցներ:
Ավելի վաղ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը հայտարարել էր, որ 3 համանքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն առաջարկվում է նշանակել և անցկացնել 2021 թվականի նոյեմբերի 14-ին՝ ավագանու ընտրության համամասնական ընտրակարգով: ՏԻՄ ընտրությունների անցկացման համար նշված համայնքներում ոստիկանությանը հատկացվել է 25 միլիոն 249 հազար դրամ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին ՏԻՄ ընտրություններ տեղի ունեցան նաև Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերի 6 համայնքում, իսկ Արագածոտնի, Արմավիրի և Լոռու մարզերի 3 համայնքում անցկացվեցին մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ:
Հիշեցնենք նաև, որ դեկտեմբերի 05-ին 38 խոշորացված համայնքներում ՏԻՄ ընտրություններ են սպասվում: