Ադրբեջանի գործողությունները չեն բխում այն հայտարարությունից, որը մենք ստորագրել ենք նոյեմբերի 9-ին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նա նշեց, որ սահմանի արևելյան հատվածում առաջ եկած ադրբեջանական զորախումբը բանակցությունների շնորհիվ հետ է քաշվել։
ԱԺ նախագահի խոսքով՝ այս պահին արևելյան սահմանագծում իրավիճակը նույնն է, ինչ մի քանի օր առաջ՝ բացառությամբ այդ հենակետերի, որտեղի դիրքերը հիմա դատարկ են։ Նրա պնդմամբ՝ հայկական զորքը չի նահանջել:
«Չորս հենակետերը որևէ մեկի կողմից չեն վերահսկվում, այնտեղ չկան նաև ադրբեջանական զորախմբեր։ Ակնհայտ է, որ մեզ համար դա հայկական տարածք է, և դեմարկացիայի և դելիմիտացիայի ընթացքում դա կապացուցենք և այդ ուղղությամբ քայլեր կանենք, բայց այս պահի դրությամբ այդ հենակետերում չկան ադրբեջանական զինվորներ»,- հավաստիացրեց նա:
Ալեն Սիմոնյանի համոզմամբ՝ սահմանազատման ու սահմանագծման արդյունքում ՀՀ տարածքում տեղակայված ադրբեջանական զինծառայողները հետ են գնալու։
«Հակառակ պարագայում` մենք նույնպես որոշ տեղերում կարող ենք հետ չգնալ։ Դեմարկացիան ու դելիմիտացիան վերաբերում են ոչ միայն մեկ երկրին, այլ առնվազն երկու երկրի։ Յուրաքանչյուր տրամաբանություն, որ կդրվի այդ բանակցությունների մեջ, կիրառելի է երկու կողմի համար, ուստի վստահ եմ, որ, այո, հետ կգնան»,– եզրափակեց Սիմոնյանը:
Հիշեցեննք, որ Անվտանգության խորհուրդը հայտարարել էր՝ նոյեմբերի 14-ին՝ ժամը 13.00-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագծի արևւելյան տեղամասերից մեկում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները զրահատեխնիկայի աջակցությամբ ներխուժել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք:
Ադրբեջանական ԶՈւ գործողությունների հետևանքով Հայաստանի ԶՈւ չորս մարտական դիրքեր հայտնվել էին շրջափակման մեջ: ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինտեխնիկան և զորքը բանակցությունների արդյունքում դուրս են եկել ՀՀ տարածքից, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները դուրս են բերվել վերոնշյալ չորս մարտական դիրքերից: Այնուամենայնիվ՝ նշված հատվածում շարունակում են ծավալված մնալ դեռևս ս/թ մայիսին ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինծառայողներ: