«Հրապարակ» թերթը գրում է. «Սուրեն Պապիկյանը երեկ ազատվեց փոխվարչապետի պաշտոնից եւ նշանակվեց պաշտպանության նախարար։ Փոխվարչապետի պաշտոնում, ըստ լուրերի, կնշանակվի շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը, ով նաեւ կիրականացնի Պապիկյանի «լեւի» գործառույթներից մեկը՝ իր ազդեցության տակ կվերցնի ՏԻՄ-երը։ Չնայած ի պաշտոնե Գնել Սանոսյանն է ոլորտի պատասխանատուն, սակայն, կառավարության աղբյուրների պնդմամբ, Սանոսյանն անմռունչ չի կատարում քաղաքական բոլոր հրահանգները, այդ պատճառով էլ Պապիկյանին էր հանձնարարված գլուխ բերել ՏԻՄ ընտրությունները։ Սակայն Ավինյանի պես նրա ջանքերն էլ հօդս ցնդեցին, եւ Սյունիքն անհնազանդություն դրսեւորեց Փաշինյանի ու իր թիմի նկատմամբ»։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Դեռ ամիսներ առաջ, երբ Վաղարշակ Հարությունյանը ազատվեց պաշտպանության նախարարի պաշտոնից, տեղեկություններ տարածվեցին, որ նա նշանակվելու է Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան: Որոշ ժամանակ առաջ մենք գրել էինք, որ Հարությունյանի՝ դեսպան դառնալու «փափագը» թե՛ Հայաստանի, թե՛ Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչություններում ոչ միայն տարակուսանք, այլև լուրջ զայրույթ է առաջացրել: «Փաստ» թերթի հավաստի տեղեկություններով, Վաղարշակ Հարությունյանի՝ դեսպան նշանակվելու ագրեմանի հարցումը երկու անգամ ուղարկվել է Մոսկվա, սակայն այնտեղից պատասխան չի եղել: Դեսպանի նշանակման պարագայում հարցումը հաստատվում է 20 օրվա մեջ, իսկ եթե 20 օրում պատասխան չկա, նշանակում է, որ այն մերժված է: Մեր աղբյուրների փոխանցմամբ, Հարությունյանի նշանակման դիմումը փաստացի երկու անգամ մերժել է պաշտոնական Մոսկվան, իսկ դրա համար, ասում են, պատճառները շատ են»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Ռուսական բարձրաստիճան շրջանակներին հարող մեր աղբյուրն ասաց, որ նոյեմբերի 9-ի հանդիպումից կամ տեսակոնֆերանսից Նիկոլ Փաշինյանի հրաժարվելն ադրբեջանական կողմին մղել է գնալ զինված ճանապարհով հարցի լուծման: Իսկ Փաշինյանը հրաժարվել է այդ հանդիպումից մի պարզ պատճառով` հայաստանյան հանրության մեծ ճնշման ներքո: Նա, որպես կանոն, նահանջում է, երբ վտանգ է տեսնում, իսկ մեր հանրային շրջանակները` Ֆեյսբուք, լրատվամիջոցներ, ընդդիմություն, այնպիսի մեծ աղմուկ բարձրացրին, որ տպավորություն ստեղծվեց, թե ինչ-որ փաստաթղթի ստորագրումը կարող է իշխանափոխության պատճառ դառնալ: Եվ նա նախընտրեց հրաժարվել հանդիպումից ու թույլ տալ, որ Իլհամ Ալիեւը զինված ուժով լուծի հարցերը, որ իրեն հետո «չասեն դավաճան»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ նախկին փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի՝ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվելը ժամանակավոր բնույթ է կրելու: Կառավարության մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը Պապիկյանին ՊՆ է ուղարկել մի նպատակով՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվոմ նախարարության ներսում: Բանն այն է, որ ՊՆ-ում, սահմանային իրավիճակին զուգահեռ, ներքին գզվռտոց է, եւ պաշտոնյաներից մինչեւ շարքային միմյանց վրա են գցում որեւէ աշխատանք կատարելու պատասխանատվությունը, միմյանց անգործության մասին հասցնում են ղեկավարներին եւ այսպես շարունակ: Արդյունքում նախարարությունը թափ տալու գործընթաց է սկսվելու, եւ այդ գործընթացի արդյունքում ընդհուպ բարձրաստիճան ազատումներ են սպասվում, այդ թվում` ԳՇ պետ Արտակ Դավթյան, նրա տեղակալներ եւ այլ գեներալներ»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախկին իմքայլական, այժմ «Պատիվ ունեմ»-ի պատգամավոր Թագուհի Թովմասյանի երեկվա գրառումը զարմանք է առաջացրել ընդդիմադիրների շրջանում։ Թովմասյանը նկատել էր, որ երկրում ստեղծված օրհասական դրության պայմաններում չեն կարողանում արդյունավետ աշխատել՝ որպես օրենսդիր, եւ ընդդիմության առաջնորդներին առաջարկել էր՝ «հնարավորինս շտապ քննարկել ԱԺ պատգամավորի մանդատներից հրաժարվելու հարցը՝ միաժամանակ հայտարարելով, որ ովքեր մանդատ կվերցնեն, հայրենիքի դավաճան են»։ Ընդդիմության շարքերում կասկածներ ունեն, որ Թագուհին միացել է «ընդդիմությանը թիկունքից հարվածողներին»։ «Հայաստան» դաշինքից մի քանիսը երեկ հրաժարվեցին հրապարակավ արձագանքել այս կոչին, իսկ Ագնեսա Խամոյանը հարցին հարցով պատասխանեց․ «Իսկ Թագուհի Թովմասյանն արդեն հրաժարվե՞լ է իր մանդատից»»։