ՀՀ այսօրվա իշխանությունները պարտվելուց հետո համակերպվել են պարտվողական քաղաքականության հետ։ Ըստ էության, թուրքը հայտնվել է ՀՀ սահմաններում։ Հենց այնպես խոսքեր չենք ասում, երբ, գնահատելով հակառակորդին, ասում ենք, որ նա շարունակում է ճնշումները պարտված իշխանությունների վրա։ Այս մասին «Հայաստան» խմբակցության ասուլիսի ժամանակ ասաց խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
«Հակառակորդը մեր ժողովրդին գցել է խաղաղության խաբկանքի մեջ։ Կոնկրետ քայլերով փորձում են էլ ավելի ճնշել, էլ ավելի խորությամբ հայտնվել ՀՀ սահմաններում։ Դա ակնհայտ երևում է հատկապես Սյունիքի հատվածում Կապան-Գորիս ճանապարհի վրա նոր մաքսակետերի տեղադրմամբ, նոր իրադրության ձևավորմամբ, ինչպես նաև Սյունիքի հատվածում Իշխանասարից մինչև Ջերմուկ ընկած տարածքում դիրքերի առաջխաղացմամբ։ Ըստ էության, Երևան-Գորիս մայրուղին գտնվում է ադրեջանցիների վերահսկողության ներքո»,- ասաց Սեյրան Օհանյանը՝ նշելով, որ ճանապարհների ապաշրջափակումը է՛լ ավելի խոր շրջափակման է բերելու Հայաստանի ու Արցախի հանրապետություններին։
«ՀՀ իշխանությունները որևիցե հետևություն չեն անում այս իրականության մեջ։ Ինչպես անգրագետ կերպով չկարողացան ղեկավարել պատերազմը, հիմա ՀՀ իշխանությունները չեն կարևորում ՀՀ-ի առջև դրված գերակա խնդիրները՝ հատկապես անվտանգության առումով։ Այսօր ԱԺ-ում անվտանգության խնդիրները չքննարկելը հանցագործության նման մի բան է»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագծի արևելյան տեղամասերից մեկում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները զրահատեխնիկայի աջակցությամբ ներխուժել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք: Ադրբեջանական ԶՈւ գործողությունների հետևանքով Հայաստանի ԶՈւ չորս մարտական դիրքեր հայտնվել էին շրջափակման մեջ: ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինտեխնիկան և զորքը բանակցությունների արդյունքում դուրս են եկել ՀՀ տարածքից, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները դուրս են բերվել վերոնշյալ չորս մարտական դիրքերից:
Ավելի վաղ հայտարարվեց, որ ադրբեջանական կողմը Գորիս-Կապան ավտոճանապարհին մաքսակետ է տեղադրել, ավելի ուշ հայտարարվեց նաև, որ անցակետ է տեղադրվել նաև Կապան-Ճակատեն ավտոճանապարհին։