Ադրբեջանը շարունակում է Հայաստանի հետ սահմանին սադրիչ գործողությունները: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը։
Նա հիշեցրեց, որ նոյեմբերի-14-ին Հայաստան-Ադրբեջան սահմանի արևելյան տեղամասերից մեկում ադրբեջանական զինված ուժերը զինտեխնիկայի աջակցությամբ ներխուժել են ՀՀ տարածք, բանակցությունների արդյունքում զինտեխնիկան ու զորքերի մեծ մասը հետ են քաշվել, բայց հայկական կողմն ունեցել է դիրքային կորուստներ։
«Ադրբեջանն ամրապնդել է մայիսի 2-ին տեղի ունեցած ՀՀ տարածք ապօրինի ներթափանցման արդյունքում ունեցած ներկայությունը: Մայիսի 12-ի ներթափանցումից հետո Ադրբեջանն օկուպացիայի ներքո է պահում Հայաստանի ինքնիշխան տարածքի շուրջ 41 քառակուսի կիլոմետր տարածքը՝ շուրջ 11 տեղամասում»,- մանրամասնեց նա։
Իշխանական պատգամավորը նշեց, որ Հայաստանը հանդես էր եկել ՀԱՊԿ ճգնաժամային իրավիճակներին արձագանքման կարգի համաձայն՝ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրադրության մոնիթորինգի նպատակով ՀԱՊԿ առաքելություն գործուղելու նախաձեռնությամբ:
«Նախաձեռնությունը, ցավոք, մինչ օրս կյանքի չի կոչվել: ՀՀ կառավարությանը կոչ եմ անում հանդես գալ հայ-ադրբեջանական սահման ՀԱՊԿ դիտորդական առաքելություն ուղարկելու նախաձեռնությամբ»,- ասաց Էդուարդ Աղաջանյանը՝ ԱԺ պատգամավորներին կոչ անելով միջազգային բոլոր ատյաններում հանդես գալ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունն ու ՀՀ տարածքների օկուպացիան պարզաբանող ու լուսաբանող հայտարարություններով:
Հիշեցնենք, որ Անվտանգության խորհրդի տարածած հաղորդագրության համաձայն՝ նոյեմբերի 14-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագծի արեւելյան տեղամասերից մեկում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները զրահատեխնիկայի աջակցությամբ ներխուժել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք: Ադրբեջանական ԶՈւ գործողությունների հետևանքով Հայաստանի ԶՈւ չորս մարտական դիրքեր հայտնվել էին շրջափակման մեջ: ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինտեխնիկան եւ զորքը բանակցությունների արդյունքում դուրս են եկել ՀՀ տարածքից, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները դուրս են բերվել վերոնշյալ չորս մարտական դիրքերից: