Մենք դիմում ենք ՌԴ-ին՝ ՀՀ-ի և ՌԴ-ի միջև գոյություն ունեցող 1997թ․ պայմանագրի շրջանակներում ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով։ Սա բանավոր դիմում է, որը նաև գրավոր ընթացակարգ է ունենալու։ Անդրադառնալով ՀՀ սահմանային իրավիճակին՝ այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Նա շեշտել է, որ մայիսի 12-ից ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների ներկայացուցիչները ՀՀ սուվերեն տարածքի խախտումով գտնվում են ՀՀ տարածքում․ հայկական կողմն ունի վիրավորներ և զոհեր, 6 հայ զինծառայող գերի է ընկել․
«Այսօրվա սրացումը կապված է Ադրբեջանի կողմից հավելյալ զրահատեխնիկա և հավելյալ ուժեր կիրառելու հետ, բայց նրանք փորձել են օգտագործել ՀՀ սուվերեն տարածքում գտնվող զինծառայողներին»,- ասել է նա՝ շեշտելով, որ ՌԴ-ին կոչով դիմելը պայմանավորված է հենց այն հանգամանքով, որ հարձակումը տեղի է ունեցել ՀՀ սուվերեն տարածքի վրա։
Հիշեցնենք, որ այսօր Ադրբեջանի ԶՈւ-ն ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ գնդակոծության է ենթարկել հայկական դիրքերը։ ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների՝ հակառակորդի առաջխաղացումը կանխելու նպատակով։ ՀՀ ՊՆ-ն իրավիճակի վերաբերյալ պարբերաբար տեղեկություններ է հաղորդում։
Հայկական ժամանակի տեղեկություններով՝ հայկական կողմն ունի վիրավորներ և զոհեր, 6 հայ զինծառայող գերի է ընկել։
Հավելենք, որ ադրբեջանական կողմը հայտնել է Ադրբեջանի ԶՈւ երկու զինծառայողի վիրավորվելու մասին։
Հիշեցնենք նաև, որ նոյեմբերի 14-ին հայ-ադրբեջանական սահմանագծի արեւելյան տեղամասերից մեկում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները զրահատեխնիկայի աջակցությամբ ներխուժել էին ՀՀ ինքնիշխան տարածք: Պաշտոնական տվյալներով՝ ադրբեջանական ԶՈւ գործողությունների հետևանքով Հայաստանի ԶՈւ չորս մարտական դիրքեր հայտնվել էին շրջափակման մեջ: ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինտեխնիկան եւ զորքը բանակցությունների արդյունքում դուրս են եկել ՀՀ տարածքից, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները դուրս են բերվել վերոնշյալ չորս մարտական դիրքերից: