Ադրբեջանի զինված ուժերը նոյեմբերի 16-ին նախաձեռնած հարձակումն ուղեկցում են լայնածավալ ապատեղեկատվական արշավով։ Մասնավորապես՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօր կեսօրին, մինչև բուն հարձակումն սկսելը, տարածել էր հաղորդագրություն, թե իբր ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները, նոյեմբերի 15-ին և 16-ին հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի ուղղություններով գնդակոծել են ադրբեջանական դիրքերը։
Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը նաև պնդում է, թե ՀՀ զինված ուժերը գործողություններ են իրականացնում Տավուշի ուղղությամբ։ Նշված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը փորձում է իր լայնածավալ սադրանքի համար մեղադրել հայկական կողմին, այդուհանդերձ, առավել քան ակնհայտ է, որ հենց Ադրբեջանն է նախահարձակ եղել՝ գրոհելով հայկական դիրքերը՝ հրետանային միջոցների և զրահատեխնիկայի կիրառմամբ։
Հիշեցնենք, որ այսօր Ադրբեջանի ԶՈւ-ն ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ գնդակոծության է ենթարկել հայկական դիրքերը։ ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների՝ հակառակորդի առաջխաղացումը կանխելու նպատակով։ ՀՀ ՊՆ-ն իրավիճակի վերաբերյալ պարբերաբար տեղեկություններ է հաղորդում։
Հավելենք, որ ադրբեջանական կողմը հայտնել է Ադրբեջանի ԶՈւ երկու զինծառայողի վիրավորվելու մասին։ Հայկական կողմը, նախնական տեղեկություններով 4 վիրավոր ունի։