ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն իր լիակատար աջակցությունն է հայտնել Մինսկի խմբի համանախագահներին, ովքեր նոյեմբերի 15-ին հանդես էին եկել հայտարարությամբ:
«Կիսում եմ Մինսկի խմբի համանախագահների խորը մտահոգությունը՝ կապված տարածաշրջանում, այդ թվում և Հայաստան-Ադրբեջանին սահմանի միջադեպերի հետ: Իմ լիակատար աջակցությունն եմ հայտնում նրանց ջանքերին ու կոչ եմ անում կողմերին անհապաղ դադարեցնել էսկալացիան ու քայլեր ձեռնարկել հրատապ հարցերի լուծման նպատակով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Թվիթեր»-ի իր էջում գրել է Լինդեն:
Հիշեցնենք, որ այսօր Ադրբեջանի ԶՈւ-ն ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ գնդակոծության է ենթարկել հայկական դիրքերը։ ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների՝ հակառակորդի առաջխաղացումը կանխելու նպատակով։ ՀՀ ՊՆ-ն իրավիճակի վերաբերյալ պարբերաբար տեղեկություններ է հաղորդում։ Հայկական կողմը զոհեր և վիրավորներ ունի։
Հիշեցնենք նաև, որ նոյեմբերի 14-ին հայ-ադրբեջանական սահմանագծի արևելյան տեղամասերից մեկում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները զրահատեխնիկայի աջակցությամբ ներխուժել էին ՀՀ ինքնիշխան տարածք: Պաշտոնական տվյալներով՝ ադրբեջանական ԶՈւ գործողությունների հետևանքով Հայաստանի ԶՈւ չորս մարտական դիրքեր հայտնվել էին շրջափակման մեջ: ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինտեխնիկան և զորքը բանակցությունների արդյունքում դուրս են եկել ՀՀ տարածքից, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները դուրս են բերվել վերոնշյալ չորս մարտական դիրքերից: