«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի Հանրապետությունը երեկ դիմեց Ռուսաստանի Դաշնությանը 1997 թվականից երկու երկրների միջև գործող պայմանագրի համաձայն պաշտպանելու երկրի տարածքային ամբողջականությունը, քանի որ հարձակում է եղել Հայաստանի սուվերեն տարածքի վրա: Երկու երկրների միջև 97թ.-ին կնքված «Բարեկամության և փոխադարձ օգնության պայմանագրի» 3-րդ հոդվածի համաձայն` «կողմերը համատեղ կձեռնարկեն իրենց համար բոլոր մատչելի միջոցները` խաղաղության դեմ սպառնալիքը, խաղաղության խախտումը վերացնելու կամ նրանց դեմ ցանկացած պետության կողմից ձեռնարկված ագրեսիայի գործողություններին հակազդելու համար և կցուցաբերեն միմյանց անհրաժեշտ օգնություն՝ ներառյալ ռազմական»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Պաշտպանության նախարար նշանակված Սուրեն Պապիկյանի կենսագրությունից տեղեկացանք, որ նա 2016 թվականին պարգևատրվել է ՀՀ զինված ուժերի «Գարեգին Նժդեհ» մեդալով։ Ինչպես նշվում է, այս մեդալով պարգևատրվում են սպաներն ու ենթասպաները, որոնք մարտական պատրաստության ռազմահայրենասիրական դաստիարակության բնագավառում նշանակալի ներդրում են ունեցել։ Բանն այն է, որ Սուրեն Պապիկյանը ո՛չ ենթասպա է, ո՛չ էլ, առավել ևս՝ սպա, հետևաբար, այս կետը նրան չէր կարող վերաբերել»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում ցեմենտի գինը բարձրացել է: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ցեմենտի մեկ տոննան թանկացել է 2000 դրամով: Շինարարները փոխանցում են, որ 50 կգ ցեմենտի պարկի գինը 2500 դրամից դարձել է 2650 դրամ: Շինանյութի որոշ կետեր կան, որտեղ հայկական արտադրության 50 կգ-անոց ցեմենտը վաճառվում է 2800-3000 դրամով: Բացի այս, բարձրացել է նաև իրանական արտադրության ցեմենտի գինը՝ 2900 դրամից դառնալով 3000, 3200 դրամ: Մասնագետները ցեմենտի թանկացումը կապում են ոչ միայն բեռնափոխադրումների գների բարձրացման, այլև պահանջարկի ավելացման հետ»։
«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն` կառավարական առանձնատունը երեկվանից ուժեղացված հսկողության տակ է առնվել: Թե որտեղ էր գտնվում Նիկոլ Փաշինյանը, երբ սահմանին խիստ լարված էր իրավիճակը, անգամ կառավարությունում տեղյակ չէին: Իսկ Ազգային ժողովում անորոշությունն ու սարսափն էր պատել ԱԺ իշխող խմբակցության պատգամավորներին: Մասնավորապես` ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամները դյուրագրգիռ և լարված գնում ու գալիս էին խորհրդարանական միջանցքների մի ծայրից մյուսը, տպավորություն էր, որ «մարտական օպերացիա» են իրականացնում` միայն թե թիրախը չէին գտնում»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Մինչ Հայաստանի տարբեր մարզերում իրավիճակը լարված է, և հակառակորդն ամեն պահի սահմանին նոր սադրանք է հրահրում սեփական նկրտումներն օր առաջ կյանքի կոչելու համար, հայրենի իշխանությունը մտածում է՝ ինչպես լրացնել թափուր մնացած պաշտոնները։ Սուրեն Պապիկյանի՝ պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնելուց հետո իշխանականները գցում-բռնում են՝ ում ընծայել փոխվարչապետի աթոռը։ «Ժողովուրդ» օրաթերթի՝ ՔՊ-ին մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ թեկնածուի փնտրտուքը երկար չի տևել, ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը կանգ է առել վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի վրա։