Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն և Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը չորեքշաբթի հեռախոսով քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում լարվածության աճը։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։
«Քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում իրավիճակի սրման հարցը։ Անհանգստություն է արտահայտվել տեղի ունեցած զինված բախումների կապակցությամբ։ Ընդգծվել է Բաքվի և Երևանի կողմից զսպվածություն դրսևորելու, բոլոր խնդիրները բացառապես քաղաքական և դիվանագիտական մեթոդներով լուծելու հրամայականը»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին Ադրբեջանի ԶՈւ-ն ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ գնդակոծության է ենթարկել հայկական դիրքերը։ ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների՝ հակառակորդի առաջխաղացումը կանխելու նպատակով։ Հայկական կողմն ունի 1 զոհված և 13 գերեվարված զինծառայող։ Եվս 24 զինծառայողի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։ Զինծառայողների հայտնաբերման ուղղությամբ ընթանում են ինտենսիվ աշխատանքներ։
Հակառակորդի վերահսկողության տակ է անցել երկու մարտական հենակետ։ Ռուսական կողմի միջնորդությամբ ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման և գերեվարված հայ զինծառայողների վերադարձի շուրջ։
Այս իրադարձությունների կապակցությամբ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկերների՝ Սուրեն Պապիկյանի և Զաքիր Հասանովի հետ։ ՌԴ պաշտպանության գերատեսչության մամուլի ծառայությունը հայտնել է, որ դրանից հետո Ադրբեջանի և Հայաստանի պաշտպանության նախարարությունների ղեկավարները միջոցներ են ձեռնարկել սահմանին իրավիճակը կայունացնելու համար, և այն վերադարձել է բնականոն հուն։