Մի պահ մեզ թվում էր, որ մենք շատ մոտ ենք ճանապարհների ապաշարջափակման հարցի լուծմանը։ Եռակողմ հայտարարությունների համաձայն՝ Ադրբեջանը պետք է Հայաստանի տարածքով ավտոմոբիլային և երկաթուղային տրանսպորտային հաղորդակցություն ստանա Նախիջևանի հետ, իսկ Հայաստանը Ադրբեջանի տարածքով երկաթուղային հաղորդակցություն ստանա Իրանի Իսլամական Հանրապետության և երկաթուղային ու ավտոմոբիլային ճանապարհ՝ ՌԴ-ի հետ։ Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՔՊ-ական պատգամավոր Մարիա Կարապետյանի հարցին այն մասին, թե ի՞նչ ժամկետներում և ո՞ր ճանապարհները կարող են ապաշրջափակվել։
«Պարզվեց, որ Ադրբեջանը «հաղորդակցության ուղիներ բացել» ասելով նկատի ունի հաղորդակցության բացումը, օրինակ, Գորիսի և Կապանի միջև՝ Ադրբեջանի տարածքով։ Այստեղ խնդիրն այն է, որն մենք այդպիսի հաղորդակցություն ստանալու կարիք, ըստ էության, չունենք։ Դա մեզ համար ընդամենը տեխնիկական հարց է․ մենք հիմա Երևան-Կապան նոր ճանապարհ ունենք, իսկ առաջիկա ամիսների ընթացքում կունենանք այլընտրանքային ճանապարհ և՛ Ճակատենի, և՛ Որոտանի, և՛ Բարձրավանի, և՛ Շուռնուխի համար, և՛ Գորիս-Կապան»,- ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ ՀՀ կառավարությունը, բնականաբար, ուսումնասիրել է Խորհրդային Հայաստանի ու Խորհրդային Ադրբեջանի միջև դե յուրե նշանակություն ունեցող բոլոր փաստաթղթերը՝ սահմանազատում իրականացնելու համար։ Վարչապետը պարզաբանեց, որ շատ է խոսվում այն մասին, որ ինքը Գորիս-Կապան ճանապարհի Էյվազլիի ու Չայզամիի տարածքները ադրբեջանական է անվանում։ Իսկ ինքը դրանում վստահ է այն նույն աղբյուրից, ինչից տեղեկանում է, որ նոյեմբերի 16-ին գրավված տարածքը հայկական է։