Այնպես չէ, որ ՀՀ ինքնիշխան տարածքի 41 քառակուսի կիլոմետր տարածքն ամբողջությամբ և լիարժեք վերահսկվում է ադրբեջանական ԶՈւ-ի կողմից։ Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հարցին, թե ինչ իրավիճակ է այդ տարածքներում։
«Մայիսի 12-ից հետո տեղի ունեցած գործընթացների հետևանքով տարբեր հատվածներում մեր և ադրբեջանական զինված ուժերի դիրքերը երբեմն անտրամաբանորեն միմյանց մեջ են մխրճված»,- հստակեցրեց նա։
Փաշինյանը միևնույն ժամանակ նշեց, որ մայիսի 12-ից առաջ էլ շուրջ 40 քառակուսի կիլոմետր տարածք կա Ադրբեջանի վերահսկողության տակ։
«Արցախյան առաջին պատերազմից հետո նաև Սովետական Ադրբեջանի տարածքներ կան, որոնք գտնվում են Հայաստանի վերահսկողության տակ։ Այստեղ մենք էլ, նրանք էլ դիրքեր ունեն, որոնք բաշխվածություն այս ընթացքում փոխվում են։ Այս հանգամանքների բերումով է, որ շատ կարևոր է դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը»,- նշեց նա։
Վարչապետի պնդմամբ՝ նոյեմբերի 16-ին տեղի ունեցած գործողությունների հետևանքով 41 քառակուսի տարածքում որևէ փոփոխություն չի եղել։
«Սրանից առաջ էլ նման իրավիճակ ունեցել ենք, և փոխադարձաբար այդ իրավիճակներն ունենք։ Քանի դեռ այս իրավիճակները կան, միջազգային հարությունը դա դիտում է որպես լարվածության աղբյուր, և ակնկալում է այդ հարցը դնել լուծման ռելսերի վրա։ Այս հանգամանքների բերումով է, որ շատ կարևորվում է դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը, որովհետև երբ ասվում է, որ Ադրբեջանը մեր տարածքներն օկուպացրել է, ինչը ճշմարտություն է, միջազգային հանրության ներկայացուցիչների միջին վիճակագրական ռեակցիան հետևյալն է՝ այդպես է, բայց այնպես չէ, որ այդտեղ միանշանակ բալանս կա․ տարածքներ կան, որ ձեր վերահսկողության ներքո են, բայց պիտի չլինեին ձեր վերահսկողության ներքո, և կան տարածքներ, որոնք Ադրբեջանի վերահսկողության ներքո են, որոնք չպետք է լինեին՝ դե յուրե հանգամանքներից ելնելով»,- հավելեց նա և հայտնեց, որ պատրաստվում է ստորագրել դելիմիտացիայի և դեմարկացիայի փաստաթուղթը, որը սեղանին է։
Փաշինյանի խոսքով՝ ներքաղաքական աղմուկի պատճառով պրոցեսը խափանվել է։ Ըստ նրա՝ դրանից հետո երկու անգամ եղել են առաջարկներ՝ սկսելու, և մենք համաձայնել ենք գործընթացը սկսելու։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ մայիսի 12-ից հետո ՀՀ ինքնիշխան տարածքից 41 քառակուսի կիլոմետրը Ադրբեջանի կողմից օկուպացվել է։