Գոյություն ունեցած բոլոր բանակցային փաթեթների նպատակը խաղաղության պայմանագրի կնքումն է։ Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ինձ համար տարօրինակ է, որ Ադրբեջանից անընդհատ հնչում է, որ խաղաղության պայմանագիր ստորագրվի, իսկ Հայաստանից իբր արձագանք չկա»,- ասաց վարչապետը։
«Հայաստանից ոչ միայն արձագանք կա՝ մենք տասնյակ անգամ այդ մասին խոսել ենք ու դա Ադրբեջանի նախաձեռնությունը չէ։ Երբ մենք ներգրավված էինք բանակցային գործընթացի մեջ, մեր նպատակը խաղաղության պայմանագրի ստորագրումն էր»,- ասաց Փաշինյանը և հավելեց, որ դա ծավալուն գործընթաց է, որը չեն խորշում կատարել, հայտնել են այդ աշխատանքը ի կատար ածելու պատրաստակամություն։
Փաշինյանը նաև մենկաբանեց Թուրքիայի ՊՆ ղեկավարի՝ սահմանազատման աշխատանքներ սկսելու անհրաժեշտության մասին հայտարարությունը։ Նա նշեց, որ դեմարկացիան ու դելիմիտացիան ամրագրված են նաև կառավարության ծրագրում։
«Եթե Ադրբեջանն ընդունում է օրակարգը, պետք է հասկանալ, թե ինչն է դրան խանգարում։
Դեռևս մայիսին ես հայտնել եմ, որ սեղանին դրված է փաստաթուղթ, որը ես պատրաստվում եմ ստորագրել։ Եթե այն դեռ չի ստորագրված, ուրեմն չի հասել ստորագրման առաջարկի հանգրվանին»,- ասաց Փաշինյանը։