Բաքվի և Երևանի պաշտոնական ներկայացուցիչների հայտարարություններից երևում է, որ կողմերը տրամագծորեն հակառակ են գնահատում իրավիճակը և միմյանց մեղադրում կատարվածի մեջ:
Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ խոսելով հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրավիճակի մասին։
Ռուսաստանը կապի մեջ է թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի հետ՝ իրավիճակը խաղաղ հուն տեղափոխելու համար, հայտարարել Է Զախարովան։
«Երեկ տեղի է ունեցել մեր երկրի նախագահի հեռախոսազրույցը Հայաստանի վարչապետի հետ, Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույցներ է ունեցել ադրբեջանցի և հայ գործընկերների հետ։ Այդ միջնորդական ջանքերի արդյունքում մարտերը դադարեցին երեկոյան։ Լարվածության թուլացման նպատակով շարունակվում է համատեղ աշխատանքը։ Մենք կոչ ենք անում երկու կողմերին զսպվածություն ցուցաբերել, թույլ չտալ նոր միջադեպեր և բոլոր վեճերը լուծել բացառապես քաղաքական-դիվանագիտական ճանապարհով: Պատրաստ ենք հետագայում ևս աջակցել կողմերին՝ ի նպաստ տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման», – նշել է Զախարովան։
Զախարովայի խոսքով, վերջին իրադարձությունները հաստատում են հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և հետագա սահմանազատման գործընթացի շուտափույթ գործարկման կարևորությունը:
Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը, ապա նրանք շարունակում են ակտիվ միջնորդական ջանքերը։ Նոյեմբերի 10-ին Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում կայացել են ինչպես առանձին, այնպես էլ համատեղ հանդիպումներ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ։
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ այժմ Մինսկի խմբի եռանախագահները Վիեննայում են՝ քննարկելու հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։
«Մենք կրկին կարևորում ենք համանախագահների՝ տարածաշրջան այցի շուտափույթ կազմակերպումը», – ասել է Զախարովան:
Նա նաև հավելել է, որ Ռուսաստանը լուրջ է վերաբերվում ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ պարտավորություններին: Երկկողմ ուղղությամբ իրականացվում են համապատասխան խորհրդակցություններ:
Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, Զախարովայի տեղեկացմամբ, այնտեղ ուշադիր հետևում են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին։