«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանն ու հայ ժողովուրդը չհասցրեց հաղթահարել 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած քաղաքական, տնտեսական, տարածքային, սոցիալական և այլ խնդիրները, հերթական պատերազմի վտանգը կախվեց մեր գլխին՝ արդեն ՀՀ ինքնիշխան տարածքում։ Իրականում, այն, ինչ տեղի ունեցավ նոյեմբերի 16-ի կեսօրին, սկսվել էր ոչ թե դրանից երկու օր առաջ, երբ ադրբեջանական զինվորը հայ զինվորին առանց կրակելու դիրքը լքել էր պարտադրում, այլ ավելի վաղ՝ ընթացիկ տարվա մայիսի 12-ին, երբ նույն ադրբեջանական զինված ստորաբաժանումները, ներխուժելով ՀՀ ինքնիշխան տարածք, կասկածի տակ դրեցին տարածքների պատկանելիությունը՝ հայկական կողմին պարտադրելով դելիմիտացիայի և դեմարկացիայի վերաբերյալ քաղաքական և պաշտոնական հայտարարություններ»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին խորհրդարանում «Քաղպայմանագիր» խմբակցության անդամ, ՄԱԿ առաջնորդ Գուրգեն Արսենյանն ակնհայտ նյարդային պահվածք էր դրսեւորել։ Իշխանական շրջանակներից մեզ ասացին, որ Արսենյանը նեղսրտած է իշխանությունից «Գավառի թեմայով»։ Պարզվում է` նա ցանկացել է Գավառում իր երբեմնի կուսակից` ՄԱԿ անդամ, գործող համայնքապետ Գուրգեն Մարտիրոսյանին առաջադրել որպես ՔՊ թեկնածու, սակայն վերջին պահին պատգամավոր Հայկ Սարգսյանը (Շիշ բռնող) ու նորատուսցի Բանդուրյան եղբայրները տապալել են այդ ծրագիրը` առաջ քաշելով իրենց թեկնածուին` նորատուսցի պատգամավոր Նարեկ Գրիգորյանին, որը, ըստ տեղեկությունների, ինքնավնասումով ազատվել է բանակից: Նա 2020-ի դեկտեմբերին է ստացել ԱԺ պատգամավորի մանդատը, իսկ ԱԺ բեմելը նշանավորել է «սեկտեմբեր» բառով ու խոստանալով, որ նախագիծ է բերելու խորհրդարան, որ կաթը թանկանա»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մանկական կերերի գները բարձրացել են: «Ժողովուրդ» օրաթերթն արդեն մի քանի օր է, ինչ այս խնդրի շուրջ երիտասարդ մայրերից դժգոհություններ է ստանում: Նրանց խոսքերով՝ տարվա մեջ մանկական կերերի գներն արդեն մի քանի անգամ է, ինչ բարձրանում են: Օրինակ՝ Nutrilon կոչվող մանկական կաթնային խառնուրդը 4450 դրամից բարձրացել էր՝ դառնալով 5850 դրամ, հիմա այն 7500 դրամից դարձել է 11 հազար 200 դրամ: Թանկացել են նաեւ «Սիմիլակ Գոլդ», «Սիմիլակ Կլասիկ» կաթնային խառնուրդները. «Սիմիլակ պրեմիում 3»-ը արժե 5680 դրամ, իսկ 700 գրամանոց «Սիմիլակ 1»-ը վաճառվում է 7600 դրամի սահմաններում»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարության հետ հարցուպատասխանին երեկ ընդդիմությունից մասնակցում էր միայն «Պատիվ ունեմ» խմբակցության մի մասը, որը որոշել էր գալ եւ հարցերով նեղել Նիկոլ Փաշինյանին: Բայց ամբողջ կազմով չէր ներկայացել, ընդամենը 4 հոգի էին ներկա՝ Տարոն Մարգարյանը, Հայկ Մամիջանյանը, Տիգրան Աբրահամյանն ու Աննա Մկրտչյանը: Այն էլ կեսից, երբ վեճ առաջացավ Մամիջանյանի եւ ՔՊ-ականների միջեւ, ցուցադրաբար լքեցին դահլիճը: Ինչ վերաբերում է խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանին, ապա նա տեւական ժամանակ է՝ հարցուպատասխանին չի մասնակցում, ինչը, մեզ հասած լուրերով, նյարդայնացնում է Փաշինյանին։
Վանեցյանն էլ, իմանալով այդ մասին, հավանաբար, որոշել է շարունակել բոյկոտը` հարցուպատասխանին չգալով, որ չառերեսվի իր նախկին ղեկավարի, այսօրվա ախոյանի հետ»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովում այդպես էլ չի հանգուցալուծվում պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի հարցը: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը ռեկորդ սահմանեց եւ արդեն տասներկուերորդ անգամ չընտրվեց հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում: Իշխանական խմբակցությունն այդպես էլ չի ցանկանում նրան ընտրել եւ նոր տարբերակներ է մտածում: Այժմ էլ ՔՊ խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանն է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես եկել եւ ցանկանում է փոփոխություն կատարել «ԱԺ կանոնակարգ» օրենքում: Նա առաջարկում է օրենքով ամրագրել՝ եթե մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալը չի ընտրվում, ապա իրավասու խմբակցությունը քվեարկությունից հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, առաջադրում է նոր թեկնածու»: