Այս տարվա սեպտեմբերի 26-ին ԱԺ-ն հավանություն տվեց Կառավարության 2021-2026 թվականների ծրագիրը, որի հիման վրա Կառավարությունը մշակել է Կառավարության միջոցառումների ծրագիրը։ Ինչպես կառավարության նոյեմբերի 18-ի նիստի ժամանակ հայտնեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ միջոցառումների ծրագիրն ունի այսպիսի կառուցվածքը․ ըստ նախարարությունների և մարմինների՝ ամրագրված են ռազմավարական նպատակները, դրանց հասնելու միջոցառումները, ակնկալվող արդյունքներն ըստ միջոցառումների, ժամկետները, համակատարողները և ֆինանսավորման աղբյուրները։
«Թվով 439 հիմնական նպատակներից և 1276 միջոցառումներից բաղկացած ծրագիրը հիմնված է կառավարության հանձնառությունների, 2021 թվականի հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրությունների ՔՊ նախընտրական ծրագրի և քարոզարշավի ընթացքում տրված նախընտրական խոստումների, Հայաստանի վերափոխման 2020-2050 թվականների ռազմավարության թիրախների վրա»,- ասաց փոխվարչապետը։
Ինչպես նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության միջոցառումների ծրագրում որևէ նոր բան չկա, քանի որ շատ է խոսվել այդ մասին ու մանրակրկիտ քննարկվել։
«Սա, ըստ էության, մեր հրապարակային հայտարարությունների իրագործման պլանն է ներկայացված, փաստաթուղթը հրապարակային է, շատ մանրամասներ ներկայացնելու կարիք չկա, քանի որ կրկնվելու ենք, ասելու ենք այն, ինչ տասնյակ անգամ, այդ թվում՝ կառավարության նիստերի ընթացքում, բարձրաձայնել ենք»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ հաջորդիվ որոշումներ կկայացվեն այդ միջոցառումներն իրականացնելու մասին։ Նա նշեց, որ սա համատեղ քննարկումների կոնսպեկտն է ու իրագործման պլանը։