Սյունիքում կա 7 ճանապարհ, որոնք բարեկարգվում են կամ կառուցվում, դրանցից մեկը Տաթև-Աղվանին է, որի նորոգումն ավարտված է, այն այժմ երթևեկելի է։ Այս մասին հայտնեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը կառավարության նոյեմբերի 18-ի նիստի ժամանակ՝ նշելով, որ մյուս 6 հատվածներում այժմ աշխատանքներն ընթացքի մեջ են։
«Դրանցից մեկը Քաշունի-Բարձրավան ճանապարհն է, որը 9,5 կմ է։ Ճանապարհի մի մասում՝ 3,5-4 կմ, արդեն ամբողջովին իրականացվել են հողային ծածկույթի աշխատանքները։ Մյուս մասում իրականացվում են անանցանելիության, ճանապարհային բարեկարգման, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև խճապատման աշխատանքներ»,- ասաց նախարարը։ Նա պարզաբանեց, որ մյուս ճանապարհը 13 կմ-անոց Տանձավեր-Շուռնուխն է, որի մի հատվածը բոլորովին նոր է կառուցվում, ապա ընդգծեց, որ Շուռնուխը 2 ճանապարհ ունի, որոնցից մեկը Խոտ-Որոտան-Շուռնուխ ճանապարհն է, մյուսը՝ Շուռնուխ-Բարձրավան։
Ինչ վերաբերում է Կապան-Գեղանուշ-Ճակատեն ճանապարհներին, ապա նախարարն ասաց, որ օրեր առաջ սկսվել են հողային ու խճապատման աշխատանքներ, իսկ նոր Կապան-Ճակատեն ճանապարհը կձգվի գրեթե գործող ճանապարհին զուգահեռ։
Ինչպես նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տվյալ ճանապարհները կասֆալտապատվեն շինարարական սեզոնի մեկնարկին պես։ Նա նշեց նաև, որ չկա մի բնակավայր, որը շրջափակման մեջ է կամ կտրված։ «Նոր կառուցվող ճանապարհներից զատ՝ այդ գյուղերն ունեն նաև Մեղրի տանող ասֆալտապատ ճանապարհ,- ասաց վարչապետը,- նոր ճանապարհները պարզապես կխնայեն նրանց ճանապարհը»։