Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը աշխատանքային այցով ժամանել է Երևան, որը կտևի երկու օր՝ նոյեմբերի 18-19-ը։ TACC-ի փոխանցմամբ՝ Հայաստանի մայրաքաղաքում ՌԴ վարչապետը կմասնակցի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջկառավարական խորհրդի նիստին։
Ժամանելուց անմիջապես հետո՝ հինգշաբթի օրը, Միշուստինը զրույց կունենա Ղրղզստանի վարչապետ Ակըլբեկ Ժապարովի հետ։ Այնուհետեւ նախատեսվում է հանդիպում Բելառուսի կառավարության ղեկավար Ռոման Գոլովչենկոյի հետ։ Կեսօրին տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը։
Լայն կազմով հանդիպումը կկայանա ուրբաթ՝ նոյեմբերի 19-ին։ Առաջիկա հանդիպումը կլինի 29-րդը՝ 2015 թվականի հունվարի 1-ից ԵԱՏՄ-ի մեկնարկից ի վեր և չորրորդը՝ այս տարի։ 2021 թվականի նախորդ հանդիպումները տեղի են ունեցել փետրվարի 5-ին Ղազախստանի Ալմաթիում, ապրիլի 29-30-ը՝ Կազանում և օգոստոսի 19-20-ը՝ Ղրղզստանի Չոլպոն-Աթայում։