Համացանցում տարածված լուրերի համաձայն՝ Սյունիքի մարզի Խնձորեսկ բնակավայրում բնակիչները կրակոցի ձայներ են լսել։ Շրջանառվող տեղեկություններով՝ ադրբեջանական կողմն է կրակոցներ արձակել։
Armenia Today-ը տեղեկությունների իսկությունը պարզելու նպատակով կապ հաստատեց Գորիս խոշորացված համայնքի Խնձորեսկ բնակավայրի վարչական ղեկավար Երվանդ Մալունցի հետ։
Նրա փոխանցամբ՝ կրակոցի ձայները հեռվից են լսվել։
«Ներքևի հատվածներից են ձայները լսելի եղել, ստույգ չեմ կարող ասել, թե որտեղ են հնչել կրակոցները։ Հիմա իրավիճակը հանգիստ է»,- նշեց Մալունցը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին Ադրբեջանի ԶՈւ-ն ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ գնդակոծության է ենթարկել հայկական դիրքերը։ ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների՝ հակառակորդի առաջխաղացումը կանխելու նպատակով։
Հայկական կողմն ունի 2 զոհված և 13 գերեվարված զինծառայող։ Եվս 24 զինծառայողի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։ Զինծառայողների հայտնաբերման ուղղությամբ ընթանում են ինտենսիվ աշխատանքներ։ Հակառակորդի վերահսկողության տակ է անցել երկու մարտական հենակետ։
Ռուսական կողմի միջնորդությամբ ընթանում են բանակցություններ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման և գերեվարված հայ զինծառայողների վերադարձի շուրջ։
Հավելենք, որ ՊՆ-ի հաղորդմամբ՝ նոյեմբերի 17-ի ուշ երեկոյան ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները անկանոն կրակ են բացել Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանի որոշ ուղղություններով։ Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։
Նոյեմբերի 18-ի ժամը 10։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է։