Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) նախագահ և Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն նոյեմբերի 19-ին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Նա կոչ է արել հակամարտության կողմերին շարունակել հայ-ադրբեջանական սահմանին լարվածության թուլացումը։
«Կոչ եմ արել շարունակել դեէսկալացիան: Վերահաստատել եմ աջակցությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և իմ անձնական ներկայացուցչի միջնորդությամբ գործընթացին»,- գրել է Լինդեն իր Twitter-ի միկրոբլոգում։
Նոյեմբերի 16-ի մարտական գործողությունների արդյունքում հակառակորդն ունի մինչև 70 զոհված և վիրավոր զինծառայող, ինչպես նաև զինտեխնիկայի զգալի կորուստներ, մասնավորապես՝ 4 БТР զրահափոխադրիչ, 1 Sandcat զրահամեքենա, 5 ավտոմոբիլային միջոց (Камаз, Урал, УАЗ)։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին Ադրբեջանի ԶՈւ-ն ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ գնդակոծության է ենթարկել հայկական դիրքերը։ ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների հակառակորդի առաջխաղացումը կանխելու նպատակով։
Հայկական կողմն ունի 2 զոհված և 13 գերեվարված զինծառայող։ Եվս 24 զինծառայողի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։ Զինծառայողների հայտնաբերման ուղղությամբ ընթանում են ինտենսիվ աշխատանքներ։ Հակառակորդի վերահսկողության տակ է անցել երկու մարտական հենակետ։
Ռուսական կողմի միջնորդությամբ ընթանում են բանակցություններ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման և գերեվարված հայ զինծառայողների վերադարձի շուրջ։