Սահմանազատման և սահմանագծման գործընթացը սկսվելու է զրոյական կետից։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ Պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով հարցին, թե սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ ՌԴ-ն ինչ առաջարկ է ներկայացրել ՀՀ-ին։
Նա նշեց, որ Հայաստանը համաձայնել է սկսել սահմանազատման նախապատրաստական աշխատանքները։
«Հայաստանը տվել է իր համաձայնությունն այդ աշխատանքների սկզբին մասնակցելու համար»,- հավելեց Քոչարյանը՝ նկատելով, որ սահմանազատման գործընթացը պետք է արվի շատ զգույշ, որպեսզի կրակելու նոր օջախներ չառաջանան։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն էլ հայտնեց, որ երբ որոշակի տեխնիկական հարցերի վերաբերյալ ձեռք կբերվի համաձայնություն, Հայաստանը պատրաստ է սկսել հանձնաժողովի ձևավորման գործընթացն ու անցնել բուն աշխատանքներին։
«Բովանդակության մասին այս պահին վաղ է խոսել, մենք խոսում ենք նախապատրաստական աշխատանքների սկզբի մասին»,- ընդգծեց նա։
Նրա խոսքով՝ վարչապետը բազմիցս հայտարարել է, որ ՀՀ-ն շահագրգռված է սահմանազատման և սահմանագծման գործընթացում։
«Վարչապետն ասել էր, որ 3 առաջարկ է հնչել ՌԴ կողմից, և 3 առաջարկն էլ Հայաստանի համար ընդունելի են եղել և շարունակում են ընդունելի մնալ: ՀՀ-ն ընդունել է առաջարկը, այդ մասին գրավոր ծանուցել է ռուսական կողմին։ Որոշակի տեխնիկական հարցերի շուրջ համաձայնություն ձեռք բելեուց հետո ՀՀ-ն պատրաստ է սկսել հանձնաժողովի ձևավորման գործընթացը և անցնել բուն աշխատանքներին։ Ինչ վերաբերում է թաքուն ինչ- որ գործընթացներին, որոնք, ըստ ձեզ, ժողովրդի թիկունքում են տեղի ունեցել, չեմ հասկանում տրամաբանությունը։ ՀՀ կառավարությունը, ի դեմս վարչապետի, բազմիցս հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է և շահագրգռված է այս գործընթացն օր առաջ սկսելու»,- մատնանշեց Աղաջանյանը։