Հայտարարությունները, որոնք Նիկոլ Փաշինյանն արեց ԱԺ-ում վերջին հարցուպատասխանի օրը, համապատասխանում են քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի հատկանիշներին՝ առերևույթ պետական դավաճանության բազմաթիվ փաստեր նշելով։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
Ընդդիմադիր պատգամավորի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի տարածքային ամբողջականությունն ինչպես ուզում, այդպես պտտեցնում է, և պատրաստ չէ Հայաստանի շահերը պաշտպանել։
«Նիկոլ Փաշինյանը ևս մեկ վտանգավոր հայտարարություն արեց՝ Խորհրդային Ադրբեջանին համարելով իրավատեր այն դեպքում, որ անգամ Ադրբեջանն իր անկախության հռչակագրով այդպիսի բան չի համարել։ Երրորդ ծանրագույն բանը, որ նա արեց, դա ՀՀ քաղաքացի հանդիսացող գերիներին անպաշտպան թողնելն է, ավելին՝ նույնիսկ սպառնաց»,- նկատեց բանախոսը։
Նրա դիտարկմամբ՝ երկրի անվտանգության կարևորագույն խնդիրներն օրակարգային հարց դարձնելու փոխարեն, իշխանությունը փորձում է հերթական կեղծիքներով շեղել հանրությանը ստեղծված ծանրագույն վիճակից։
«Մենք տեր ենք մեր որդեգրած մոտեցմանը, այն է՝ երկրի անվտանգության, ինքնիշխանության ու արժանապատվության վերականգնման համար այս իշխանություններն ընդամենը խոչընդոտ են, սպառնալիք են։ Այս իշխանությունները պետք է հեռանան, որպեսզի իրենք կարողանան վերականգնել երկրի ինքնիշխանությունը և արժանապատվությունը»,- հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղարը։