Ցավոք, այսօրվա նիստն ընթանում է մեր երկրի համար լարված իրավիճակում․ Հայաստանը բախվում է իր անվտանգությանը սպառնացող լուրջ մարտահրավերների։ Այս մասին Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի իր ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մեր տարածաշրջանը ներքաշվեց էսկալացիայի նոր փուլի մեջ, որը դժբախտաբար հանգեցրեց մարդկային զոհերի։ Դրա համար պատասխանատվություն է կրում Ադրբեջանը, որի ռազմական սադրանքն ուղղված է խաթարելու մեր երկրի տարածքային ամբողջականությունը և 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններում ձեռք բերված պայմանավորվածությունները»,- ասաց վարչապետը։
Խոսելով ԵԱՏՄ երկրների հետ առևտրի ծավալների աճի կայուն տեմպերից՝ Փաշինյանը նշեց, որ Հայաստանի և ԵԱՏՄ երկրների միջև արտաքին առևտրաշրջանառությունը 2021 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 12,8 տոկոսով։ Նա ընդգծեց, որ Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանման ծավալներն այս տարվա 9 ամիսներին աճել են 27,8 տոկոսով։
«Ուրախ եմ արձանագրել, որ աճը գրանցվում է ԵԱՏՄ բոլոր գործընկերների գծով։ Դեպի Ռուսաստան արտահանումն աճել է 27,4 տոկոսով, դեպի Բելառուս՝ 19,2 տոկոսով, դեպի Ղազախստան՝ 89,5 տոկոսով, դեպի Ղրղզստան՝ 48 տոկոսով»,- ասաց Փաշինյանը։
Ըստ վարչապետի՝ դա վկայում է ոչ միայն ԵԱՏՄ շրջանակներում առևտրային համագործակցության զարգացման, այլև նոր հնարավորությունների առկայության մասին։
Վարչապետը նշեց նաև, որ ծանր համաճարակաբանական իրավիճակի և առողջապահական համակարգերի վրա մեծ ծանրաբեռնվածության հետևանքները վեր հանեցին խնդիրների հրատապ լուծման անհրաժեշտությունը, այդ թվում՝ դեղագործական ոլորտում: Նա կարևորեց ԵԱՏՄ անդամ պետություններին դեղամիջոցներով ապահովելու ծրագրի հետևողական իրականացումը, ինչը հնարավորություն կստեղծի բարձրացնել այդ պետությունների ինքնաբավության մակարդակը։