ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի համար անհասկանալի է, թե ինչ պայմանավորվածությունների արդյունքում ՀՀ արևելյան սահմանագոտում տեղի ունեցող ռազմական գործողությունները դադարեցվեցին և հրադադար հաստատվեց։
Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ նա նշեց, որ իրավիճակը շարունակում է բարձր ռիսկեր պարունակել ոչ միայն իրավիճակի հնարավոր զարգացումների առումով, այլ նաև բանակցային առումով:
Նրա դիտարկմամբ՝ այդ հայտարարություններից տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանին ուղղակի ժամանակ է տրվել՝ համաձայնելու Ադրբեջանի նախապայմաններին կամ գործընթացներին, որոնք տեղավորվում են ադրբեջանական շահերի տիրույթում:
«Նիկոլ Փաշինյանը փորձում է հանրության մոտ տպավորություն ստեղծել, որ գործընթացը տեղի է ունենում հայ-ռուսական հարաբերությունների ընդհանուր շահերի ներդաշնակեցման շրջանակում։ Նա փորձում է ցույց տալ, որ այն գործընթացները, որոնք այսօր տեղի են ունենում, տեղավորվում են Հայաստանի Հանրապետության շահերի տիրույթում, ինչի հետ կապված ես, բնականաբար, մեծ կասկածներ ունեմ»,- մտահոգություն հայտնեց ընդդիմադիր պատգամավորը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին Ադրբեջանի ԶՈւ-ն ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ գնդակոծության է ենթարկել հայկական դիրքերը։ ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների հակառակորդի առաջխաղացումը կանխելու նպատակով։ Հակառակորդի վերահսկողության տակ է անցել երկու մարտական հենակետ։
Նոյեմբերի 16-ին ՀՀ արևելյան ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների հարձակման հետևանքով ծավալված մարտերի ընթացքում հայկական կողմը, այս պահի տվյալներով, ունի 6 զոհ։
Նոյեմբերի 16-ի մարտական գործողությունների արդյունքում հակառակորդն ունի մինչև 70 զոհված և վիրավոր զինծառայող, ինչպես նաև զինտեխնիկայի զգալի կորուստներ, մասնավորապես՝ 4 БТР զրահափոխադրիչ, 1 Sandcat զրահամեքենա, 5 ավտոմոբիլային միջոց (Камаз, Урал, УАЗ)։