ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Քեթրին Քլարկը աջակցություն է հայտնել հայ ժողովրդին և կոչ արել Ադրբեջանին հարգել Հայաստանի ինքնիշխանությունը։ Այս մասին կոնգրեսականը գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:
«Ես սատարում եմ Հայաստանի ժողովրդին, որը ենթարկվել է հերթական հարձակմանը։ Ադրբեջանը պետք է ճանաչի և հարգի Հայաստանի ինքնիշխանությունը. ես դատապարտում եմ ագրեսիայի վերջին ակտը և կոչ եմ անում Ադրբեջանի կառավարությանը հավատարիմ մնալ անցյալ տարվա խաղաղության համաձայնագրին»,- գրել է կոնգրեսականը:
Նոյեմբերի 16-ին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները դիմել են հերթական սադրանքին՝ Սյունիքի մարզի արևելյան ուղղությամբ գրոհելով հայկական դիրքերը։ Տեղական մարտերը տեղի են ունեցել զրահատեխնիկայի և հրետանու կիրառմամբ։ Նոյեմբերի 16-ին՝ ժամը 18:30-ին, ռուսական կողմի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ բախումները դադարեցվել են։