«Հրապարակ» թերթը գրում է. «Նոյեմբերի 14-16-ին Սիսիանի տարածաշրջանում տեղի ունեցած հայ-ադրբեջանական բախումների ժամանակ մեր զինվորները, իրականում, հերոսական պայքար են մղել։ Մեզ պատմեցին, որ թշնամին ամեն գնով ցանկացել է Գորիս-Երեւան ճանապարհն իր վերահսկողության տակ վերցնել, որը տեղի կունենար, եթե կարողանային գրավել այդ ճանապարհը վերահսկող «Ծիծեռնակ» անվանումով դիրքը։
Զինվորներից մեկի մոտ ադրբեջանական գլխարկ է եղել, նա փորձել է խորամանկության դիմել․ դրել է ադրբեջանական գլխարկը, ու քանի որ արդեն մութ է եղել, գնացել մտել է ադրբեջանցիների մեջ, որոնք այդ պահին թալանելիս են եղել իրենց կողմից գրավված հայկական դիրքերը, եւ ադրբեջանցու կերպարանքով՝ երկու արկղ փամփուշտ է վերցրել դիրքից ու նորից վերադարձել իրենց դիրքը։ Թշնամուց «գողացած» փամփուշտներով սկսել են նորից կրակել թշնամու ուղղությամբ»։
«Փաստը» գրում է. «Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի՝ պաշտոնից ազատման հետ կապված տարբեր պատճառներ են այս օրերին շրջանառվում: Այս առումով «Փաստին» նոր ուշագրավ տեղեկություններ են հասել: Կառավարության մեր աղբյուրները փոխանցում են, որ իրականում պատճառները մի քանիսն են եղել, իսկ «կուլմինացիան» դարձել է Փաշինյանին հայտնի դարձած մի տեղեկություն: Մասնավորաբար, ըստ այդ աղբյուրների, Փաշինյանին զեկուցել են, որ Արշակ Կարապետյանը նաև Ռուսաստանի Դաշնության անձնագիր ունի: Որպեսզի ավելորդ աղմուկ չբարձրանա, Փաշինյանը Կարապետյանին հորդորել է լուռումունջ հրաժարականի դիմում գրել, ինչը և արվել է»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը, ըստ երեւույթին, սեփական ստվերից էլ է սկսել վախենալ, նա ոչ միայն միլիոնավոր դոլարներ է ծախսում, դրսից անվտանգության ծրագրեր գնում ու գաղտնալսում քաղաքական ընդդիմախոսներին, այլեւ նրա հրահանգով ժուչոկապատել են պետական գերատեսչությունները՝ սենյակ առ սենյակ, ֆոյե առ ֆոյե։
Պաշտպանության նախարարությունում վերջերս մի ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել։ Առընթեր մարմիններից մեկի ղեկավարն իր աշխատակազմին՝ 4 հոգու, հարցաքննության է ենթարկել, ամենաբարձր ատյաններից ստացած ցուցումով։ Նա իր աշխատակիցներից հաշիվ է պահանջել, թե ինչու են հենց աշխատանքի վայրում, աշխատանքի ժամին քննադատել պետության ղեկավարին՝ Նիկոլ Փաշինյանին, նրան «հողատու» եւ «կապիտուլյանտ» անվանել»։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նոյեմբերի 18-ից նոյեմբերի 20-ը նախատեսված Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակներում Երևանում գտնվող ՌԴ վարչապետն իր երեկոն անցկացրել է հայկական ջազ միջավայրում:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեկ Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը երեկոն անցկացրել է «Մալխաս» ջազ ակումբում։ Ըստ մեր տեղեկությունների՝ Միշուստինն ինքն է ցանկություն հայտնել լսելու հայ հայտնի ջազմեն Մալխասի ստեղծագործությունները կենդանի կատարմամբ։
«Հրապարակ» թերթը գրում է. «Օրերս լրատվամիջոցները գրեցին, որ Երեւանում կանխվել է օրենքով գողերի «ռազբորկա», հայտաբերվել եւ ոստիկանություն բերման են ենթարկվել քրեածին տարրեր, այդ թվում՝ օրենքով գող Զապը՝ Անդրանիկ Սողոյանը, Մոսկվայից վերջերս Հայաստան ժամանած «Մասկովսկի Արամչոն»՝ Արամ Խռատյանը, եւ այլք։ Նրանց բերման են ենթարկել Էրեբունու ռեստորաններից մեկում ճաշելիս։
Նշենք, որ Արամչոն ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբոր՝ Էդուարդ Սուքիասյանի խնամին է եւ Սուքիասյանների հետ խնամիական կապի շնորհիվ է Հայաստան մուտք գործելու թույլտվություն ստացել․ երկար տարիներ նրա մուտքը Հայաստան արգելված է եղել։ Նա ներգրավված է եղել տարբեր քրեական պատմություններում, բազմիցս դատապարտված է եղել, նստել է ԱՄՆ բանտում։
Ըստ մամուլի տեղեկությունների, մաքսանենգ ճանապարհով 40 տոննա ծխախոտ ՌԴ արտահանելու գաղափարի հեղինակն ու կազմակերպիչն է։ Շրջանառվող լուրերի համաձայն, խնամիների հարաբերությունները վերջերս լարվել են, եւ նրան բերման ենթարկելը եւս պատահական չէ, դա ուղղորդված է հենց խնամիների կողմից»: