Երևանյան փողոցները վաղ առավոտից փակած 18 քաղաքացի է բերման ենթարկվել ոստիկանություն: Այս մասին Armenia Today-ին հայտնեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը:
Անձանց բերման են ենթարկվել Վարչական իրավախատումների մասին օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված գործողություններ կատարելու համար, այն է՝ հասարակական կարգի պահպանության, հասարակական անվտանգության ապահովման, օբյեկտների պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը:
Նշենք, որ վաղ առավոտից Ազատագրական շարժման նախաձեռնողները փակել էին Երևանի մի շարք փողոցներ: Նրանք պահանջում են.
– կանխել սահմանագծման և սահմանազատման հակահայկական ծրագիրը, այդ թվում՝ պահանջելով հրապարակել ստորագրման ներկայացված փաստաթղթերը,
– թույլ չտալ միջանցք տրամադրել թշնամուն,
– պահանջել, որ Հայաստանի իշխանությունները լիարժեք զինեն առաջնագիծը և պաշտպանեն ՀՀ տարածքային ամբողջականությունը:
Այսօր՝ նոյեմբերի 22-ին՝ ժամը 17:00-ին, ակցիան կշարունակվի Երևանի Հանրապետության հրապարակում: