Նոյեմբերի 22-ին աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանը հյուրընկալել է Ֆրանսիայի Հանրապետության ԱԺ նախագահ Ռիշար Ֆեռանը: Այս մասին հայտնել է ԱԺ մամուլի ծառայությունը:
Կողմերը հանգամանորեն քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանին օրեր առաջ տեղի ունեցած Ադրբեջանի սադրիչ և ագրեսիվ գործողությունները, ինչի հետևանքով կան զոհեր, գերեվարված հայ զինծառայողներ և անհետ կորածներ:
Ալեն Սիմոնյանը նշել է, որ վերջին հարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքներ օկուպացնելու՝ ադրբեջանական կողմի հետևողական քաղաքականության շարունակությունն է, որը սկիզբ է դրվել այս տարվա մայիսի 12-ից՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր ադրբեջանական զինված ուժերի ներթափանցմամբ: