«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ավելի քան 2 շաբաթ առաջ «Հետք» լրատվականը «Նախագահ Սարգսյանին փոխկապակցված ընկերությունը 7.5 մլն եվրոյով գույք է գնել Փարիզի Ելիսեյան դաշտերի մոտ» վերտառությամբ հրապարկում էր տպագրել: Լրատվականը գրել էր, որ Սարգսյանը 7.5 մլն եվրոյով երկու միավոր անշարժ գույք ձեռք էր բերել VH Estate ընկերության անունից, ինչը 2010-ին հիմնել են Արմեն Սարգսյանի քույրը՝ բժիշկ Կարինե Սարգսյանն ու վերջինիս դուստրը՝ Տաթեւիկ Սարգսյանը: Աղբյուրի պնդմամբ՝ վերոնշյալ ընկերությունն իր տեսակով քաղաքացիական ընկերություն է, ինչը նշանակում է, որ այն կոմերցիոն գործունեություն չի ծավալում»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ վաղ առավոտից հասարակական-քաղաքական տարբեր գործիչներ բողոքի ակցիաներ արեցին Երեւանում՝ փողոցներ փակեցին, իշխանությանն ուղղված կոչեր հնչեցրին։ Հայտարարվեց ազատագրական շարժման մեկնարկը, նպատակն է՝ կանխել սահմանագծման եւ սահմանազատման հակահայկական ծրագրի իրականացումը։ Ցուցարարները պահանջում էին հրապարակել ստորագրման ներկայացված փաստաթղթերը, միջանցք չտրամադրել թշնամուն, զինել առաջնագիծը եւ այլն։ Ակցիայի հանրահայտ դեմքերից էին հեռուստամեկնաբան Նաիրի Հոխիկյանը, նախկին իմքայլական պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, Փաստաբանների պալատի նախկին ղեկավար Արա Զոհրաբյանը, «5165» շարժման հիմնադիր Կարին Տոնոյանը եւ այլք։ Իսկ խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերն ասես ընդհատակ անցած լինեին՝ ո՛չ ակցիային մասնակցեցին, ո՛չ էլ զանգերին էին պատասխանում»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իրավական ոլորտում հետաքրքիր իրավիճակ է տիրում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կալանավորված նախկին պաշոնատար անձանց մասով շատերի երկամսյա կալանքի ժամկետները լրանում են: Եվ այստեղ հետաքրքիրն այն է, որ նախաքննական մարմինները մեծ ջանքեր են գործադրում միջնորդություններ ներկայացնել դատարան, որպեսզի կալանքների ժամկետները երկարացվեն: Եվ նույնիսկ մասնագիտական շրջանակները ենթադրում են, որ մինչեւ հայտնի փաստաթղթի ստորագրումը նախկին պաշտոնյաները կշարունակեն մնալ կալանքի տակ»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանին զենք մատակարարող ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանի (Պատրոն Դավիթ) հետ կապված քրեական գործը, կարծես, տեղից չի շարժվում: Իրավաբանական հանրույթի շրջանում կարծիք կա, որ գործը քնեցվում է ու արհեստականորեն ձգձգվում: Թերթի հետ զրույցում Գալստյանի փաստաբան Արմեն Հարությունյանը համաձայեց նման դիտարկումների հետ»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նոյեմբերի 25-ին խորհրդարանում անցկացվելու են խորհրդարանական լսումներ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ խորհրդարանական լսումները նվիրված են լինելու ԱԺ «Հայաստան» խմբակցության ներկայացրած «Սահմանագծման եւ սահմանազատման հիմնախնդիրներ» թեմային: Բանն այն է, որ ընդդիմադիր խմբակցությունը նոյեմբերի 19-ին է շրջանառության մեջ դրել այդ թեմայով նախագիծը: Մասնավորապես, նրանք առաջարկում են նախագծով ամրագրել, որ Ազգային ժողովը դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության տարածքների բռնազավթումը, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքներ ներխուժումը»:
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «ՌԴ-ն նորաթուխ գործընկերոջը՝ Թուրքիային, փաստորեն ակնարկում է, որ վերջինս իր ներկայիս վարչական սահմաններում եկվոր է: Այդ մասին դիվանագիտական լեզվով ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Մեկնաբանելով Թայիփ Էրդողանին Թուրքիայի ազգայնական շարժում կուսակցության առաջնորդ Դեւլեթ Բահչելիի նվիրած թյուրքական աշխարհի քարտեզը, Կրեմլի (ի դեպ, թուրքագետ) խոսնակն ասել է, որ դրա կարմիր աստղը՝ կենտրոնը Թուրքիայում չէ: «Մեր թուրք գործընկերները շրջանառում են թյուրքական միասնության գաղափարը, ինչը նորմալ է: Ես միայն կարող եմ ափսոսանք հայտնել, որ քարտեզում, այնուամենայնիվ, նշված չէ կարմիր աստղ թյուրքական աշխարհի կենտրոնում, որը ոչ թե Թուրքիայում է, այլ Ռուսաստանի Դաշնության տարածքում՝ Ալթայում»,- հայտարարել է Կրեմլի խոսնակը»: