Տևական ժամանակ է՝ առաջանագծի տարբեր հատվածներում տեղի են ունենում ռազմական գործողություններ, միևնույն ժամանակ, աննախադեպ երևույթ է տեղի ունենում Հայաստանի պաշտպանական ոլորտում, երբ հանրությունը զրկվում է ամբողջական տեղեկատվություն ստանալու հնարավորությունից: Այս մասին Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
«Հանձնաժողովի բոլոր անդամները, վստահ եմ, գիտակցում են՝ ինչ վտանգներով է սա հղի, երբ հայ հանրությունը, տեղեկատվություն չստանալու պարագայում, հայացքն ուղղում է թշնամական պետության տեղեկատվական աղբյուրների։ ՊՆ-ն ասում է՝ կան զոհեր․ ո՛չ թիվ, ո՛չ անուններ չեն հրապարակվում։ Իշխանական պատգամավորը բարձր ամբիոնից խոսում է զոհվածների թվի մասին, որն այդպես էլ չի հաստատվում, իշխանության հետ առնչություն ունեցող լրատվականների միջոցով հստակ թվեր են հրապարակվում, արդյունքում ստեղծվում է խառնաշփոթ և անորոշ վիճակ»,- նկատեց ընդդիմադիր պատգամավորը։
Ըստ նրա՝ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը պետք է արտահերթ նիստ կազմակերպեր և այս հարցերը քննարկեր։
Ի պատասխան Գեղամ Մանուկյանի այս հայտարարության` Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց․ «Լավ կլինի, ինքներդ էլ լինեք նախաձեռնող և ավելի շատ ընդգրկված լինեք աշխատանքներում»,- ասաց հանձնաժողովի նախագահը: