Երևանը դիմել է Մոսկվային՝ միջնորդելու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում։ Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասել է արտգործնախարարի մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։
Նրա խոսքով, Հայաստանի մի շարք գործընկերներ, այդ թվում՝ Ռուսաստանը պատրաստակամություն են հայտնել միջնորդելու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում։ Հայկական կողմը Կրեմլին է դիմել։
«Մի շարք միջազգային գործընկերներ, այդ թվում Ռուսաստանը, հայտարարել են, որ պատրաստ են աջակցել հայ-թուրքական կարգավորման գործընթացին։ Եվ մենք Ռուսաստանին հայտնել ենք, որ պատրաստակամ ենք առանց նախապայմանների հայ-թուրքական կարգավորման գործընաց սկսելու։ Երբ և եթե նման գործընթաց սկսվի, բնականաբար, մենք դրա մասին տեղեկատվություն կտրամադրենք»,- ասել է Հունանյանը։
Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմից հետո ՀՀ և Թուրքիայի իշխանությունները մի քանի անգամ հայտարարել հարաբերությունների կարգավորման ուղղությամբ փոխադարձ ստացված դրական ազդակների մասին։ Սեպտեմբերին Թուրքիայի նախագահը հայտարարեց, թե Հայաստանի վարչապետը Վրաստանի վարչապետի միջոցով իրեն հանդիպելու առաջարկ է արել, բայց, նրա խոսքով, հանդիպման համար Երևանը պետք է հստակ քայլեր ձեռնարկի «Զանգեզուրի միջանցքի» ուղղությամբ։