ԱԺ «Հայաստան» խմբակցության ՀՀ ԱԺ պատգամավորներ Արծվիկ Մինասյանը և Վահե Հակոբյանը
ՔՊ պատգամավորներ Վահագն Ալեքսանյանի և Անդրանիկ Քոչարյանի կողմից իրականացված արտահայտությունների մասով հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին։
«Սույն թվականի նոյեմբերի 16-ին ՀՀ Ազգային պատգամավոր Վահագն Ալեքսանյանն իր ֆեյսբուքյան էջում կատարել է գրառում, ուր նշել է հետևյալը` «Սրան զուգահեռ խորհրդարանական «Հայաստան» խմբակցության պատգամավորները զբաղված են բացահայտ ու անթաքույց աթոռակռվով։ Օրինակ Վահե Հակոբյանի ՝ «Այս ամենի հանգուցալուծումը իշխանության հեռացումը պիտի լինի» արտահայտությունը, ի հավելումն այսօր առավոտյան, մինչև մարտերի մեկնարկն Արծվիկ Մինասյանի արած՝ «Մի բան կա սպասում ենք դա էլ լինի, նոր խոսենք» արտահայտության, ու էդ ամեն ինչը իրենց սպասարկող մամուլի հատուկ վախ ու խուճապ տարածող սոուսով՝ ստիպում է փաստել, որ հարձակումը փաստացի ունի երկու ուղղություն և որ թշնամական դիվերսիոն խումբը, թաքնվելով «Հայաստան» անվան տակ, հասել է Բաղրամյան փողոց՝ ՀՀ ԱԺ»:
Իր այս գործողություններով վերջինս իր իսկ բառերով ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավորներին, այդ թվում` Արծվիկ Մինասյանին և Վահե Հակոբյանին մեղադրել է ՀՀ քրեական օրենսգրքի 303-րդ հոդվածով սահմանված արարք կատարելու մեջ:
Նույն օրը Հանրային Հեռուստաընկերության ուղիղ եթեորւմ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ընթացքում պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը արել է հանցագործության մասին հաղորդում պարունակող հայտարարություններ, մասնավորապես` «կարո՞ղ է «Հայաստան» դաշինքը խնդրել է նաև, որպեսզի հակառակորդը հարձակվի», «թե՞ այլ պետության ուժի հայտարարություն է, «գնացել էին, որ էս խայտառակ հայտարարությունը անեին, որ ո՞ւմը ներկայացնեին` հակառակորդի՞ն» «իրենք ղալաթ էին անում»:
Ապա 23.11.2021թ ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ Վահագն Ալեքսանյանն իր խոսքերով փաստացի պնդել է իր միտքն առ այն, թե ընդդիմությունը վերածվել է դիվերսիոն ջոկատի:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 176-րդ հոդվածի համաձայն` քրեական գործ հարուցելու առիթներն են`
1) հանցագործությունների մասին ֆիզիկական և իրավաբանական անձանց հաղորդումները` ուղղված հետաքննության մարմնին, քննիչին, դատախազին.
2) հանցագործությունների մասին լրատվության միջոցների հաղորդումները.
Բացի այդ, ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածի համաձայն` 1. «Անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը` պատժվում է տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով
2.Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը կամ անձի վերաբերյալ ծանր վիրավորանք պարունակող նյութեր տարածելը, որը՝
1) կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ հրապարակային այլ եղանակով,
2) կատարվել է անձի հանրային գործունեությամբ պայմանավորված` պատժվում է տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով:
3.Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է միևնույն անձի նկատմամբ պարբերաբար`
պատժվում է տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երեքհազարապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով:
Սույն հոդվածում հանրային գործունեություն է համարվում անձի կողմից լրագրողական, հրապարակախոսական գործունեության, ծառայողական պարտականությունների կատարման, հանրային ծառայության կամ հանրային պաշտոն զբաղեցնելու, հասարակական կամ քաղաքական գործունեության հետ կապված վարքագիծը։
Վերոգրյալ փաստերից հետևում է, որ թե՛ Անդրանիկ Քոչարյանը և թե՛ Վահագն Ալեքսանյանը գիտակցաբար, պարբերաբար և հրապարակային ձևով, ծայրահեղ անպարկեշտ եղանակով և պայմանավորված Արծվիկ Մինասյանի և Վահե Հակոբյանի, ինչպես նաև «Հայաստան» դաշինքի մյուս անդամների հանրային գործունեությամբ ծանր վիրավորանք են հասցրել նրանց` մեղադրելով ծանր հանցագործությունն` դիվերսիա, ինչպես նաև թշնամու հետ համագործակցված գործունեություն իրականացնելու մեջ»,- ասված է տարածված հայտարարության մեջ։