Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ բանակցությունները տեղի կունենան նոյեմբերի 26-ին Սոչիում: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Ռուսաստանի ղեկավարի նախաձեռնությամբ նոյեմբերի 26-ին Սոչիում տեղի կունենան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եռակողմ բանակցությունները։ Նախատեսվում է քննարկել երեք երկրների ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, ինչպես նաև նախանշել տարածաշրջանում կայունության ամրապնդման և խաղաղ կյանքի հաստատման հետագա քայլերը։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման և զարգացման հարցերին»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նախատեսվում են նաև Վլադիմիր Պուտինի առանձնազրույցները Իլհամ Ալիևի ու Նիկոլ Փաշինյանի հետ։ Ղեկավարները նախատեսում են նախանշել Լեռնային Ղարաբաղում կայունության ամրապնդման և խաղաղ կյանքի հաստատման հետագա քայլերը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։