«Հրապարակ» թերթը գրում է. «Նոյեմբերի 18-20-ը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակներում Երեւանում գտնվող ՌԴ վարչապետը, ըստ մամուլի, երեկոն անցկացրել է հայկական ջազ միջավայրում՝ «Մալխաս» ջազ ակումբում։ Այդ օրը մայրաքաղաքի կենտրոնի երթեւեկությունը մի քանի ժամ կաթվածահար էր, գրվեց, որ Հայաստան ժամանած վարչապետները՝ Փաշինյանի հետ, Թումանյան փողոցում գտնվող «Մալխաս» ակումբում են, դրա պատճառով են փողոցները փակվել։ Սակայն մենք պարզեցինք, որ Նիկոլ Փաշինյանը ներկա չի եղել ջազ երեկոյին, ջազմեն Լեւոն Մալխասյանը հաստատեց դա եւ ասաց, որ ներկա են եղել ՌԴ, Ղազախստանի եւ Բելառուսի վարչապետները՝ իրենց ուղեկիցների, այդ թվում՝ թիկնապահների հետ։ Թիկնապահները տեղավորվել են ակումբի երկրորդ հարկում, վարչապետները՝ առաջին»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նոյեմբերի 26-ին Սոչիում կկայանա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եռակողմ հանդիպումը։ Կրեմլի տարածած հաղորդագրության համաձայն՝ նախատեսվում է հանդիպման ժամանակ քննարկել նոյեմբերի 9-ի եւ հունվարի 11-ին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը ու նախանշել նաեւ հետագա քայլերը: Նշվում է, որ Ռուսաստանի նախագահը նաեւ երկկողմ ձեւաչափով հանդիպումներ կունենա Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի հետ։ Սոչիում նախատեսված հանդիպումից հետո Փաշինյանն ու Ալիեւը եւս մեկ հանդիպում կունենան դեկտեմբերի 15-ին Բրյուսելում Եվրամիության Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Իրանից Հայաստան տեւական ժամանակ է՝ բենզին չի ներկրվում։ Պատճառները տարբեր են, բայց ասացին՝ խնդիրը հիմնականում կապված է իրանական վառելիքի գների բարձրացման հետ։ Հիշեցնենք, որ վերջին շրջանում սկսեցին Իրանից մեծ թափով բենզին ներկրել, որը ՌԴ-ից ներկրվող բենզինի համեմատ մոտ 20 դրամով էժան էր վաճառվում։ Հիմա այլեւս ձեռնտու չէ Իրանից բենզին ներկրելը։ Բացի գներից, ասացին՝ այլ խոչընդոտներ էլ կան։ Մեկը Գորիս-Կապան մայրուղու` Ադրբեջանի վերահսկողության ներքո անցնելն է։ Ադրբեջանցիներն այստեղ մաքսակետ են տեղադրել եւ իրանական բեռնատարներից տրանզիտի գումար են գանձում»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանն այն տեսակետին է, որ ոչ միայն Արցախում, այլ նաեւ Հայաստանում ռուսական ներկայությունը զսպում է Ադրբեջանի ագրեսիան։ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, անդրադառնալով տեսակետին, թե ռուսական զորքերը շուտով նաեւ Սյունիքում կարող են հայտնվել, նշում է՝ ռուսական զորքերը Հայաստանի հարավում մինչեւ նոյեմբերի 16-ի դեպքերն էլ ներկա էին։ «Ինչ վերաբերում է կոնկրետ այդ զարգացումներին, ապա դրանք կարող էին չլինել, եթե ոչ թե շոու անելով ու քաղաքացիներին հիմարի տեղ դնելով՝ օգնություն խնդրեին ՌԴ-ից, այլ ուղիղ կապով կապվեին ռուսական 102-րդ ռազմաբազային, ստանային անհրաժեշտ աջակցությունը եւ կանխեին հարձակումը»,- շեշտում է ռազմական փորձագետը»։
«Իրավունք» թերթը գրում է. «Արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Վահան հունանյանը ռուսաստանյան լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում նշել է, որ Հայաստանը Մոսկվային տեղեկացրել է, որ պատրաստ ենք Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը:
«Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն վերոնշյալի հետ կապված` Սփյուռքի լռությունը խիստ հարաբերական է: Ավելին` մեր աղբյուրների փոխանցմամբ` սփյուռքյան կառույցներում պատրաստվում են բավական լուրջ արձագանքել ցեղասպանություն իրականացրած Թուրքիայի հետ հարաբերություններ կարգավորող հայաստանյան իշխանություններին»: