«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, դեկտեմբերի 15-ին Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթաժողովի շրջանակներում նախատեսված է նաև Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը, որի նախաձեռնությունը պատկանում է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին։ Այս հանդիպմանն ընդառաջ օրերս հայտնի դարձավ, որ արդեն վաղը՝ նոյեմբերի 26-ին, Սոչիում տեղի կունենա Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպումը, որի նախաձեռնողն արդեն Ռուսաստանի Դաշնության նախագահն է։ «Փաստ» թերթի տեղեկություններով, նոյեմբերի 26-ի հանդիպումը նախապես պլանավորված չի եղել, ասել է թե՝ Սոչիի հանդիպումն օրակարգ է մտել «սպոնտան», որպես դեկտեմբերի 15-ի հանդիպման «պրեամբուլա»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեզ հայտնի դարձավ վերջին պատերազմի օրերին պատահած դեպք, որն ամենայն մերկությամբ ի ցույց է դնում ՀԱՊԿ եւ ԵԱՏՄ գծով մեզ դաշնակից միջինասիական երկրի պետական պաշտոնյաների տրամադրվածությունը մեր հանդեպ։ Պատերազմի օրերին, երբ վարչապետը խուճապահար խնդրեց մեր հայրենակիցներին՝ զրահաբաճկոն ու սաղավարտ վերցրած շտապել բանակին օգնության, նախկին ԽՍՀՄ այդ հանրապետությունում աշխատող հայազգի գործարարները փորձել են Հայաստան ուղարկել մոտ 2 հազար սաղավարտ։ Գնել են, բոլոր հնարավոր օրինական փաստաթղթերը պատրաստել, բեռնափոխադրման հետ կապված ծախսերը հոգացել։ Բեռի նկատմամբ ավելորդ հետաքրքրությունից խուսափելու նպատակով, ձեռներեց հայերը սաղավարտները ձեւակերպել են որպես շինարարության համար անհրաժեշտ պաշտպանիչ գլխարկներ»։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Նոյեմբերի 18-20-ին Հայաստանում էին ԵԱՏՄ երկրների վարչապետները` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։ Տեղի ունեցան նեղ և լայն կազմով նիստեր, ստորագրվեցին 10-ից ավելի փաստաթղթեր։ Սակայն ուշագրավ է, որ այդպես էլ հանդիպում տեղի չունեցավ Ռուսաստանի և Հայաստանի վարչապետների միջև։ Դա, սակայն, չի նշանակում, թե հանդիպում կազմակերպելու փորձեր հայկական կողմը չի արել։ «Փաստ» թերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանն ու իր աշխատակազմը ամեն ջանք գործադրել են ռուս գործընկերոջ հետ առանձնազրույց ունենալու համար, սակայն դա նրանց չի հաջողվել, քաղաքավարի մերժում են ստացել։ Ի դեպ, Փաշինյան-Միշուստին առանձնազրույցի տեղի չունենալը ժամանակի սղությանը վերագրելը տեղին չի լինի, քանի որ, ինչպես հետո պարզվեց, Ռուսաստանի Դաշնության վարչապետը ժամանակ է ունեցել նույնիսկ Հայաստանում հաճելի ժամանց անցկացնել «Մալխաս» ջազ ակումբում»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Ըստ տեղեկությունների, ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանի պաշտոնավարման օրերը հաշված են, առաջիկայում նա պաշտոնանկ կարվի։ Անգամ հավանական փոխարինողների անուններ են շրջանառվում, ընդհուպ անհավանական թեկնածությունների մասին է խոսվում։ Անգամ մի գեներալի, որը թեեւ իշխանությունների կատաղի քննադատներից է՝ գոնե պատերազմից հետո, սակայն վերջերս դրական արտահայտվեց Սուրեն Պապիկյանի նշանակման վերաբերյալ։ Հայաստանում նման մետամորֆոզները բնական են։ Իսկ Դավթյանի փոփոխությունը, ըստ մեր աղբյուրների, պայմանավորված է զենքի վերաբերյալ հայտնի քրեական գործով, որով արդեն մի քանի ամիս է՝ կալանավորված են նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ու ՊՆ զենքի մատակարար ընկերություններից մեկի տնօրեն Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավիթը։ Մեղադրանք է առաջադրվել նաեւ Դավթյանին»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Թեպետ նախօրեին իր առցանց ասուլիսում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե դեմարկացիայի եւ դելիմիտացիայի ստորագրվելիք փաստաթուղթը լինելու է նախնական համաձայնություն՝ նման հանձնաժողով ստեղծելու մասին, իսկ բովանդակային հարցերը կքննարկվեն բանակցությունների ժամանակ, սակայն որոշ շրջանակներ նույնիսկ փաստաթղթի բովանդակային կետերն էին արդեն քննարկում։ Մասնավորապես, համաձայն ինֆորմացիոն արտահոսքերի, դեմարկացիայի եւ դելիմիտացիայի գործընթացը սկսելու նախապայմանը բանակը Սյունիքից հանելն է, այսինքն՝ Սյունիքը դեմիլիտարիզացնելը՝ ապառազմականացնելը»։