Սյունիքի մարզի առաջնահերթ խնդիրները լուծելու հրատապությամբ պայմանավորված՝ պետական բյուջեից մարզին 400 մլն դրամ կհատկացվի։ Ինչպես Կառավարության նիստի ժամանակ նշեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, միջոցները նախատեսվում է ուղղել ենթակառուցվածքների, սոցիալական և կենսական խնդիրների ոլորտում ծրագրերի ուղղությամբ, որոնք իրականացնում է Սյունիքի զարգացման և ներդրումների հիմնադրամը։
«Դեռևս ապրիլ ամսին այս նպատակներով հատկացվել է 500 մլն դրամ, իսկ սեպտեմբերին՝ 200 մլն դրամ»,- ասաց նախարարը՝ նշելով, որ կառավարությունն իրականացնում է իր՝ մարզի կարիքների համար 1 մլրդ դրամ հատկացնելու մասին այդ ժամանակ տված խոստումը։
Արդեն կատարված աշխատանքներից Սանոսյանն առանձնացրեց Կապանում ջրատարի կառուցումը, Տեղ համայնքի համար մեքենա, իսկ Գորայք համայնքի համար հացահատիկային կոմբայն ձեռք բերելը։ Շուռնուխ համայնքում բնակիչներին անասունների կորստի և բնակարանների համար փոխհատուցում է տրամադրվել։
Սանոսյանն ընդգծեց, որ Սյունիքի խնդիրներով զբաղվում է վարչապետի ստեղծած աշխատանքային խումբը, որը գույքագրում է խնդիրները և աստիճանաբար լուծում դրանք։