Իմ հեռախոսին էլ է նման հաղորդագրություն եկել։ Դա ՀՀ-ի հետ առնչություն չունի։ Միայն մեզ մոտ չէ, որ խնդիր է առաջացել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԲՏԱ նախարար Վահագն Խաչատրյանը՝ անդրադառնալով ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի՝ Apple ընկերությունից ստացած նամակի վերաբերյալ։
Նա նշել է, որ Pegasus ծրագրի վերաբերյալ նախարարությունում ուսումնասիրություններ չեն իրականացվում։
Հիշեցնենք, որ Արթուր Վանեցյանը հայտարարել էր, որ Apple ընկերությունից ստացած նամակը հաստատում է, որ իր խոսքերով՝ Հայաստանի գործող իշխանություններն ապօրինաբար, խախտելով իր անձնական և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը, տևական ժամանակ գաղտնալսման փորձեր են իրականացրել։
«Ունեմ փաստացի տվյալներ այն մասին, որ հարձակում է իրականացվել տխրահռչակ Pegasus ծրագրով ոչ միայն իմ, այլև մերձավոր շրջապատիս և ընտանիքիս անդամների հեռախոսների վրա։ 2․ Այս նամակում Apple ընկերությունը հեռախոսն անվտանգ պահելու խորհուրդներ է տալիս, որոնք, իմ համոզմամբ, ենթակա են լայն տարածման»,- նշել էր Վանեցյանը։
Նշենք նաև, Apple-ը սկսել է նախազգուշական նամակներ ուղարկել Pegasus-ի զոհերին, ինչի մասին հայտնել է անվտանգության հարցերով փորձագետ Ռուբեն Մուրադյանը։
Հավելենք, որ տեղեկություն էր շրջանառվում, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 7 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ Pegasus համակարգ է ձեռք բերել: Դա լրտեսող համակարգ է, որը մշակվել է NSO Group իսրայելական ընկերության կողմից: Բացահայտվել է, որ Pegasus-ը «կոտրել է» որոշ երկրների պաշտոնյաների 50 000 բջջային հեռախոս:
Մանրամասները՝ տեսանյութում։