Սյունիքի Որոտան և Շուռնուխ գյուղերում այլընտրանքային ճանապարհերն անցանելի են բոլոր կարգի մեքենաների համար։ Այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում՝ նշելով, որ եղանակային հանգամանքների բերումով չեն հասցնի ասֆալտապատել այդ ճանապարհները, սակայն 2022 թվականին կասֆալտապատվեն։
Նպատակը, Փաշինյանի խոսքով, Խոտ-Որոտան-Քաշունի-Բարձրավան և Ճակատեն-Գեղանուշ ճանապարհահատվածները հիմնական դարձնելն է։ Իսկ Շուռնուխում կառուցվող նոր թաղամասի մասին Փաշինյանը տեղեկություն հարցրեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արման Ղուլարյանից, որը հայտնեց, որ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի հետ շաբաթ օրն է եղել Շուռնուխում։
«Որոշակի խնդիրներ կային, բայց հիմա շինարարությունը սկսված է ամբողջ թափով։ Աշխատանքներն ընթանում են և հույս ունենք, որ պայմանագրով սահմանված ժամկետում՝ 2022 թվականի առաջին կիսամյակում թաղամասն ամբողջությամբ կավարտենք»,- ասաց Ղուլարյանը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 2-ին կայացած ՀՀ ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը նշել էր, որ Շուռնուխ համայնքում նոր թաղամասի կառուցմանը կհատկացվի 420 մլն դրամ: Նոր թաղամասում կկառուցվի 13 բնակելի տուն, կբարեկարգվեն ճանապարհները: Կոմիտեի կարողությունների զարգացման և տեխնիկական հագեցվածության ապահովման համար կհատկացվի 1 մլն 155 հազար դրամ. գումարով ձեռք կբերվեն նոր համակարգիչներ: