Ես այն ժամանակ ասացի, որ Հայրենիքի փրկության կոմիտեն պետք է շարունակի իր գործունեությունը, կարելի է փոխել ֆորմատը, կարելի է փոխել լիդերներին, բայց պետք չի գնալ ընտրությունների։ Ցավոք սրտի, մենք գնացինք ընտրությունների, ստացանք մի նոր իրավիճակ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում պատասխանելով Armenia Today-ի հարցին՝ ասաց հայրենիքի փրկության առաջնորդ Վազգեն Մանուկյանը։
Նա նշեց, որ իր լռությունը պատահական չէ, քանի որ իրավիճակը մարսելու կարիք կա, որովհետև անմիջապես ընտրություններից հետո մի բան սկսելն անհնարին էր։
«Հիմա, կարծում եմ, որ ժամանակը հասունացել է։ Պետք է հստակ դնել խնդիրը, ունենալ հստակ ծրագիր՝ ինչ հեռանկար կունենա Հայաստանը այդ խնդիրն իրականացնելով, պետք է լինի ղեկավար մարմին, թե չէ քաոսային շարժում է»,- ասաց Մանուկյանը։
Հիշեցնենք, որ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով (Հայաստանում սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու հրապարակային կոչեր հնչեցնելը): Ավելի վաղ Քննչական կոմիտեն մեղադրական եզրակացությամբ գործն ուղարկել էր դատախազություն՝ դատարան փոխանցելու համար։ Ըստ գործի նյութերի՝ Մանուկյանը նման կոչեր է հնչեցրել փետրվարի 12-ին, 20-ին և 26-ին տեղի ունեցած հանրահավաքների ժամանակ։