Ռուսական կողմն ակնկալում է, որ Սոչիում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպմանը հնարավոր կլինի նախանշել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հեռանկարային ուղղությունները: Այս մասին ուրբաթ TACC-ին հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։
«Հանդիպումն, ընդհանուր առմամբ, ուղղված է 2020 թվականի նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո անցած տարվա որոշակի արդյունքների ամփոփմանը, որպեսզի տեսնենք, թե ինչ է արվել և ինչ կարելի է անել հետագա խաղաղության հաստատման համար։ Հուսով ենք, որ այս հանդիպմանը երեք երկրների ղեկավարները, որոնք ստորագրել են համաձայնագիրը, կուրվագծեն այս խոստումնալից ոլորտները»,- ասել է Ռուդենկոն։
Բարձրաստիճան դիվանագետը հավելեց, որ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի կարգավորման գործընթացում մնում են խնդիրներ, որոնք հայտնի են բոլորին։ «Դրանք վերաբերում են տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը, վերաբերում են հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիային, որտեղ, ցավոք, ժամանակ առ ժամանակ ականատես ենք լինում որոշակի զինված միջադեպերի, նույնիսկ մարդիկ են զոհվում»,- պարզաբանեց փոխարտգործնախարարը:
Հիշեցնենք, որ եռակողմ բանակցությունները Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև կայանալու են այսօր՝ նոյեմբերի 26-ին, Սոչիում: