Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ուրբաթ օրը Սոչիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ ափսոսանք է հայտնել, որ այսօր Լեռնային Ղարաբաղում խնդիրներ են առաջանում, զոհեր են լինում:
«Ցավոք, կան խնդիրներ, կան միջադեպեր։ Ցավոք սրտի, ոչ առանց զոհերի», – ասել է ռուսական պետության ղեկավարը:
Նա նշել է, որ նպատակահարմար է շարունակել տարածաշրջանում իրավիճակի քննարկումը եռակողմ ձևաչափով։ «Որոշ ժամանակ անց մեզ կմիանա Հայաստանի վարչապետը, և մենք կշարունակենք այս քննարկումը»,- ասել է նա՝ բացելով երկկողմ հանդիպումը Իլհամ Ալիևի հետ։
Վլադիմիր Պուտինը նշել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դրական դերը Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման գործում:
Նրա խոսքով, պետք է քննարկել, թե ինչ է արդեն արվել և ինչ է պետք անել, «որ ոչ միայն նման բան չառաջանա, այլև հակառակը, որպեսզի պայմաններ ստեղծվեն իրավիճակը հանդարտեցնելու և զարգանալու համար։ Իրավիճակը տարածաշրջանում պետք է այնպիսին լինի, որ թույլ տա մարդկանց ապրել խաղաղության մեջ, իսկ երկրներին՝ զարգանալ»:
Իլհամ Ալիևն իր հերթին նշել է, որ անցյալ տարվա նոյեմբերի 10-ից ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում լուրջ միջադեպեր չեն եղել։ «Ադրբեջանի և Հայաստանի սահմանին բախումներ են եղել, բայց դա ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտին չէ։ Այնուամենայնիվ, այս բոլոր իրադարձությունները ստիպում են մեզ լրջորեն խոսել, այդ թվում՝ եռակողմ ձևաչափով, այն մասին, թե ինչպես վերահսկել ռիսկերը, նվազագույնի հասցնել դրանք և աշխատել հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորման վրա»,- ասել է Ալիևը: