Ակնհայտ է Ռուսաստանի Դաշնության նախագահի դերը անցյալ տարի ռազմական գործողությունների կասեցման գործում։
Այս մասին Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ռուսական խաղաղապահ զորախումբը, որը հակամարտության գոտում տեղակայված է անցյալ տարվա նոյեմբերի 9-ից հետո, առանցքային դեր է խաղում Լեռնային Ղարաբաղում և տարածաշրջանում իրավիճակի կայունացման գործում: Բայց ուզում եմ ընդգծել, որ, ցավոք, իրավիճակն այնքան էլ կայուն չէ, որքան կուզենայի։ Անցյալ տարվա նոյեմբերի 9 – ից հետո երկու կողմերից մի քանի տասնյակ մարդ է զոհվել»,-նշել է ՀՀ վարչապետը։
Նա փաստեց, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ճգնաժամային իրավիճակ է ստեղծվել։ «Մեր գնահատականն այն է, որ Ադրբեջանի զորքերը ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք։ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանները սահմանագծված և սահմանազատված չեն, բայց պետական սահման գոյություն ունի, և խոսքը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի մասին է։
Ես չեմ համաձայնի Ադրբեջանի նախագահի այն ձևակերպման հետ, որ բոլոր կետերը, բացի հաղորդակցության ուղիների ապաշրջափակումից, արդեն կատարվել են։ Կա նաև պատանդների և այլ պահվող անձանց, ռազմագերիների խնդիր։ Սա շատ կարևոր հումանիտար հարց է։ Բայց այսօր մենք հավաքվել ենք ոչ միայն խնդիրները բարձրաձայնելու, այլև առկա խնդիրների լուծման ուղիները քննարկելու համար։
Ես բազմիցս հայտարարել եմ, որ Հայաստանը պատրաստ է անցնել սահմանագծման և սահմանազատման գործընթացի մասին։ Տարածաշրջանում բոլոր տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման թեման նույնպես շատ կարևոր է մեզ համար», – նշել է Փաշինյանը՝ ընդգծելով այդ հարցերի լուծման վերաբերյալ Հայաստանի շահագրգռվածություն։
Հայաստանի վարչապետը նաև ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:
«Դրա հետ մեկտեղ շատ հարցեր կարելի է լուծել եռակողմ, երկկողմ ձևաչափերով։ Արդեն իսկ նախատեսվում են ուղիղ շփումներ Ադրբեջանի և Հայաստանի պաշտոնատար անձանց միջև», – ասել է ՀՀ վարչապետը։