Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունների արդյունքները, հաղորդում է ТАСС-ը:
«Ես ձեզ հակիրճ կտեղեկացնեմ Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ ունեցած իմ քննարկումների արդյունքների և այն պայմանավորվածությունների մասին, որոնք ձեռք են բերվել մեր գործընկերների հետ աշխատանքի ընթացքում»,- խորհրդակցության մասնակիցներին է դիմել երկրի ղեկավարը:
«Ինչպես և պլանավորել էինք, մանրամասն կխոսենք մեր մերձավոր գործընկերների և մերձավոր հարևանների հետ հարաբերությունների ամբողջ համալիրի մասին, նկատի ունենք ԱՊՀ երկրների հետ հարաբերությունները»,- նշել Է Պուտինը: Նա հստակեցրել է, որ զեկույցով հանդես կգա ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կոզակը:
Ուրբաթ օրը Սոչիում կայացել են Պուտինի, Ալիևի և Փաշինյանի շուրջ երեք ժամ տևած բանակցությունները, որոնց արդյունքում ընդունվել է համատեղ հայտարարություն: ՌԴ նախագահը նաև առանձին հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի հետ։