«Հրապարակ» թերթը գրում է. «Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստին երեկ մասնակցել է նաեւ Կապան խոշորացված համայնքի նորընտիր ղեկավար Գեւորգ Փարսյանը, որը «սեւերից» է ու խմբի ստեղծման օրվանից չի մասնակցել նիստերին։ Երեկ նա իշխանության ներկայացուցիչների հետ մասնակցել է համայնքի վարչական շրջաններից մեկում՝ Դավիթ Բեկում զարգացման կենտրոնի բացմանը, որից հետո մասնակցել է այդ նիստին։ Խմբի ղեկավարը վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանն է, ում ջանքերով էլ Փարսյանը մասնակցել է խմբի աշխատանքներին։ Ղուկասյանն այնքան է ոգեւորվել իր «հաղթանակով», որ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի փոխարեն զարգացման կենտրոնի բացմանը հանդիսավոր խոսքի իրավունքը տվել է Փարսյանին։ Մարզպետը նեղսրտել ու չի մասնակցել դրան հաջորդած նիստին, այն դեպքում, երբ նիստը մարզպետարանի շենքում է տեղի ունեցել»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ կառավարության՝օրաթերթի աղբյուները փոխանցում են, որ ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Ջհանգիրյանին փոխարինող կգտնեն: Բանն այն է, որ իշխանությունները դատական համակարգում չեն կարողանում հասնել ցանկալի արդյունքի: Մասնավորապես, այս խոսակցությունը առաջացել է այն բանից հետ, երբ ապօրինի գույքի բռնագանձման գործերով դատավորները համատարած հրաժարվում են քննել նախկին պաշտոնյաների գործերը կամ քննած գործերով էլ մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումները դադարեցնում են: Ասել է թե՝ իշխանությունները դատական համակարգում չեն կարողանում հասնել իրենց ցանկալի արդյունքին, ուստի ներքին քննարկման ժամանակ խոսել են ԲԴԽ նախագահի փոփոխման մասին: Ստացվում է, որ վարչապետը դժգոհ է Գագիկ Ջհանգիրյանի կողմից իրականացված դատական համակարգի ռեֆորմներից»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Պարեկային ոստիկանության համար ձեռք բերված չեխական արտադրության Skoda Octavia ավտոմեքենաներն իրենց չեն արդարացնում։ Դա չեն թաքցնում նաեւ պարեկային ոստիկանության ծառայողները։ Մեզ ասացին, որ նոր Skoda-ներում հերթով խնդիրներ են առաջանում, հիմնական պատճառը դրանց վրա ավելացված սարքավորումներն են։ Մենք գրել էինք, որ նախ ավտոմեքենաների գնման մրցույթը խախտումներով են անցկացրել՝ մի քանի անգամ գին ու պարամետր փոխելով, որպեսզի ամեն գնով Skoda-ն հաղթի։ Նշել էինք, որ նման քանակի լույսերի եւ գաջեթների տեղադրումը բարդացնելու է մեքենայի աշխատանքը։ Արդյունքում՝ հեշտությամբ շարքից դուրս են գալիս Skoda Octavia-ների փոխանցման տուփերը, որոնք էլեկտրոնային եղանակով են աշխատում»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «2021թ.-ի ընթացքում զենքի բացահայտ կիրառմամբ հանցագործությունները շատացել են: Օրինակները բազմաթիվ են՝ Աբովյան փողոցի սպանությունից մինչեւ ԱԺ նախկին պատգամավոր Արտյուշ Սիմոնյանի առանձնատանն իրականացված ողբերգությունը, ինչի ժամանակ սպանվել էին քրեական հեղինակություն Արթուր Ղազարյանը՝ Տույը, եւ պատգամավոր Արտյուշ Սիմոնյանը: Կրակոցներ էին հնչել նաեւ ԱԺ նախկին պատգամավոր Գագիկ Մելիքյանի որդու ուղղությամբ, ինչի հետեւանքով որդու ընկերն էր մահացել: Անկանոն կրակահերթի պատճառով նաեւ «Գլորիա» կարի ֆաբրիկայի սեփականտիրոջ դուստրն էր մահացել: Աղմկահարույց բոլոր այս սպանությունները, ցավոք, մինչեւ վերջ բացահատված չեն»։