«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն առաջիկայում հերթական թիմակցին՝ իմքայլական նախկին պատգամավոր Հովհաննես Իգիթյանին կնշանակի դեսպան։ ԱԳՆ մեր աղբյուրները խուսափում էին կոնկրետ երկրի անունը նշել, խոսք է գնում Իտալիայի, սկանդինավյան երկրների, անգամ Լիտվայի մասին։ Թեեւ Լիտվայում ընդամենը 8-9 ամիս առաջ է դեսպան նշանակվել՝ Արմեն Մարտիրոսյանը Հնդկաստանից տեղափոխվել է Լիտվա։ Ինչը նշանակում է, որ հոկտեմբերի 3-4-ին Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Լիտվա այնքան էլ հաջող չի անցել, եւ դեսպանից դժգոհություններ կան։ Ի տարբերություն նախկին նշանակումների, Իգիթյանն արտաքին դիվանագիտական աշխատանքի որոշ փորձ ունի՝ նա նախորդ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահն էր»։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Վիճակագրական կոմիտեի՝ նախօրեին հրապարակած տվյալներով, Հայաստանում 2020 թ.-ին աղքատության մակարդակը գնահատվել է 27 %, որը 0,6 %-ով բարձր է 2019-ի ցուցանիշից: Սակայն, մասնագետների համոզմամբ, այս ցուցանիշը, ցավոք, չի արտացոլում իրական պատկերը: «Հայաստան» դաշինքի պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը «Փաստի» հետ զրույցում նշել է, որ, այդուամենայնիվ, աղքատության մակարդակի աճն անգամ վիճակագրական ցուցանիշներով է էական, և սոցիալական խնդիրների էլ ավելի խորացման վտանգ կա: «Աղքատություն ծնող, տնտեսական արագ վերականգնմանը խոչընդոտող գործոնները ոչ միայն չեն վերանում, այլ առաջանցիկ ավելանում են՝ բերելով արդեն լրացուցիչ հետևանքների», – նշեց նա: Սրանից բացի, ՎԿ-ն հաշվարկել է նաև զրկվածության աստիճանը»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Արագածոտնի մարզի երբեմնի տեր ու տնօրեն Սահակյան եղբայրները՝ նախկին մարզպետ Սարգիս Սահակյանը եւ «Հայդուկ» ՀԿ ղեկավար Նաիրի Սահակյանը, միացել են ՔՊ-ական մարզպետին ու ակտիվ աշխատում են ՏԻՄ-ում ՔՊ-ի թեկնածուների հաղթանակի համար։ Նրանք ԱԺ ընտրությունների ժամանակ «Պատիվ ունեմ» դաշինքի մարզային շտաբն էին ղեկավարում։ Հիմա Թալինում Տավրոս Սափեյանին են աջակցում, քանի որ «իմ թշնամու թշնամին իմ բարեկամն է», իսկ Տավրոսի մրցակիցը ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, Թալինի նախկին քաղաքապետ Մնացական Մնացականյանն է, որի նկատմամբ նրանք վաղեմի թշնամանք ունեն։ Սահակյաններն աջակցում են նաեւ Աշտարակի ՔՊ թեկնածու Թովմաս Շահվերդյանին։ Նրանք կոնսոլիդացրել են իրենց նախկին համայնքապետերին, նախկին քաղաքապետ Սարգիս Արամյանին եւ համակարգում են ձայնահավաքը»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը չի թաքցնում՝ օգտվել ու շարունակելու է օգտվել սանավիացիայի ուղղաթիռից։ «Ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե որն էր Սյունիք եւ Տավուշ սանավիացիայի միջոցով մեկնելու հրատապությունը, մանավանդ եթե ինքը բժիշկ չէ ու կյանքի-մահվան կռիվ տվող քաղաքացուն հապշտապ բուժօգնություն ցույց տալ չի կարող, Ավանեսյանը խիստ վրդովված տոնով էր արձագանքել․ «Այո, սանավիացիայից եմ օգտվել, ու եթե առաջիկայում էլ անհրաժեշտություն լինի, օգտվելու եմ բոլոր անհրաժեշտ եւ առկա միջոցներից՝ հրատապ կերպով արագ արձագանքման կամ հրատապ հարցերը կարգավորելու համար: Որեւէ արտառոց բան չկա այդ հարցում»։ Մեր մյուս հարցին, թե արդյոք ոստիկանությունը կամ իրավապահ այլ մարմինները դեպքի մասով հարցեր են ուղղել կամ փաստաթղթեր պահանջել նախարարից կամ նախարարությունից, Ավանեսյանը բացառող պատասխան էր տվել»։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններից առաջ խիստ ուշագրավ պատկեր է ձևավորվել հատկապես Նոր Հաճն խոշորացված համայնքում։ Այստեղ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը համայնքի ղեկավարի պաշտոնում առաջադրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցին և շատ ակտիվ հրապարակային քարոզարշավ է իրականացնում՝ հավասարապես քննադատելով թե՛ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը և թե՛ տեղական կոռուպցիոն բուրգին։ Նորհաճնեցիների շրջանում համոզմունք կա, որ իշխանությունը Սուրենյանցի դեմ փաստացի առաջադրել է միանգամից երեք ցուցակ: Նախ՝ իշխող ուժը հանդես է գալիս հենց իր՝ ՔՊ-ի «դեմքով»։