Որոշ ռեստորանատերեր հայտարարել են, որ իրենց այցելուներից չեն պահանջելու QR կոդեր, ինչի պահանջը ուժի մեջ կմտնի հունվարի 1-ից։
Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 2-ին կայացած ճեպազրույցում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին հայտնեց Armenia Today-ի թղթակիցը՝ հարցնելով, թե նման տնտեսավարողների նկատմամբ ի՞նչ պատիժ է սահմանվելու։
Հարցին ի պատասխան՝ նախարարն ասաց, որ նման հայտարարություններն իրավական պետության շրջանակներում ոչ մի կերպ չեն տեղավորվում, և սահմանաված կանոնները պետք է հստակորեն պահպանվեն։
«Եթե կանոնները չեն պահպանվում, ապա այլ իրավակարգավորումների նման կարող են կիրառվել սանկցիաներ։ Ի՞նչ տեղի կունենա, եթե որևէ ռեստորան հայտարարի, որ այլևս չի կատարի հարկային պարտավորությունը։ Պարզ է, որ կլինեն իրավական հետևանքներ»,- ասաց Ավանեսյանը։
Նա պարզաբանեց, որ համավարակը ծանր բեռ է ոչ միայն առողջապահական ոլորտի, այլ նաև տնտեսության վրա, այն լուրջ մարտահրավեր է ազգային անվտանգության առումով։ Նախարարության ճանապարհն առավել վատթար վիճակներից խուսափելն է, հետևաբար, նման տնտեսավարողների նկատմամբ վարչական տույժերի կիրառումն անխուսափելի է։