ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր «Ազատություն» ռադիոկայանի եթերում անդրադարձել է դիրքերի կահավորման խնդրին։
Մեկնաբանն այդ համատեքստում հիշեցրեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանի դիտարկումներից մեկը։ Սեյրան Օհանյանը նշել էր, որ իր սիրտը ցավում է, երբ վերջին շրջանում դիրքերից կադրեր է տեսնում։
Ի պատասխան՝ ԱԽ քարտուղարը նշեց․ «Ես կարծում եմ՝ Սեյրան Օհանյանը տեսել է նաև 1994 թվականից մինչև 2017 թվականի բոլոր դիրքերի նկարները, ու սիրտը ցավել է։ Մի պաշտոնյա, որի օրոք «կանսերվաներով» էինք պոստեր պահում, չի կարող նման հայտարարություն անել։ Իհարկե, պոստերի վիճակը լավ չէ, իհարկե, խնդիր կա, բայց ձեր նշած անձն այն մարդը չէ, որ այս հարցը բարձրացնի։ Նույնիսկ ջրի հարցը 20-30 տարում չեն լուծել»։
Նա նշեց, որ իրենց կառավարման օրոք՝ հատկապես վերջին մեկ տարվա ընթացքում համակարգային խնդիրներ են եղել ու ամբողջովին չեն կարողացել լուծել այդ հարցերը։ Նա նշել է, որ, ամեն դեպքում, շատ արագ կլուծեն դիրքերի խնդիրները։
Անդրադառնալով հարցին՝ ՀԱՊԿ-ին պաշտոնական երկրորդ գրավոր դիմում ուղարկվել է, նա շեշտեց, որ դեռ մայիսի 12-ին են դիմել, ու շարունակում են ակնկալել գործընկերների աջակցությունը։
Հիշեցնենք նաև, որ ՀՀ-ի և ՌԴ-ի միջև գոյություն ունեցող 1997թ․ պայմանագրի շրջանակներում ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով ՀՀ-ն դիմել է ՌԴ-ին։ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ այն դեռ բանավոր դիմում է, որը նաև գրավոր ընթացակարգ է ունենալու։
Այս համատեքստում անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի այն քննադատությանը, թե գործող իշխանության վարած քաղաքականության հետևանքով է, որ ՀԱՊԿ անդամ չհանդիսացող Ադրբեջանին ՀԱՊԿ անդամ երկրները վերջերս Աշխաբադում շնորհավորում էին ռազմական հաղթանակի կապակցությամբ, Արմեն Գրիգորյանն աարձագանքեց․
«Սերժ Սարգսյանն այն պաշտոնյան էր, որի օրոք ՀԱՊԿ-ի նիստի ժամանակ և իր ներկայությամբ կարդացել են Ալիևի նամակը, որին նա չէր պատասխանել։ Միայն Ծաղկաձորում ՀՀԿ երիտասարդների հետ հանիպմանը նոր հեռակա պատասխան փորձեց տալ։ Նման փորձ ունենալով՝ ինչպե՞ս է Սերժ Սարգսյանը կարողանում մեզ ինչ-որ հարցում մեղադրել։ Այս դեպքում ևս զարմացած եմ, ինչպես զարմանում եմ, երբ Սեյրան Օհանյանը խոսում է պոստերի վիճակի մասին»։