Սփյուռքում տրոհվածություն կա, և շատ խոր, Հայաստանը չէ, որ պետք է որևէ բան անի այդ տրոհվածությունը ստեղծելու համար։ Ընդհանուր առմամբ՝ այնտեղ հին կառույցների և նոր սփյուռքի ձևավորման պայքար է գնում։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ պատասխանելով Armenia Today-ի հարցին, թե արդյո՞ք սփյուռքը չի պառակտվի, եթե հանձնակատարի ինստիտուտը զբաղվի քաղաքական խնդրով։
Խոսելով Սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակի կարգավորումների շրջանակի մասին՝ Սինանյանն ասաց, որ այդ կառույցը լուծելու է նաև տնտեսական հարցեր, սակայն քաղաքական ուղղվածություն, ըստ էության, ունենալ չի կարող։
«Հիշե՛ք, որ այդ անձը Հայաստանի կողմից նշանակված այլ երկրի քաղաքացի է, որը չի կարող քաղաքական որևէ աշխատանք տանել։ Դա անօրինական կլինի այդ երկրի տարածքում»,- ասաց Սինանյանը՝ հավելելով, որ գրասենյակի աշխատանքն ավելի շատ համայնքային է՝ Հայաստան-սփյուռք գործակցության սահմաններում։
Սինանյանի խոսքով՝ նպատակը բոլորին միավորելն է, իսկ միավորողը Հայաստանն է լինելու։ Խոսք չի կարող լինել տրոհիչ գործողությունների մասին, կառույցի ստեղծումը, ընդհակառակը՝ միավորելուն է ուղղված լինելու։
Պատասխանելով մեր մեկ այլ հարցին, թե արդարացե՞լ են հայրենադարձության մասին Սինանյանի սպասելիքները՝ նա պատասխանեց, որ հայրենադարձություն չի եղել, իսկ պատճառը կորոնավիրուսի համավարակն ու պատերազմն են։