«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ երեկոյան՝ մինչ ուշ գիշեր, ԱԺ ՔՊ խմբակցությունը նիստ էր հրավիրել: Տեղեկացանք, որ իշխանական պստգամավորները քննարկել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի՝ ՌԴ այցի արդյունքները։ Հանդիպմանը հիմնականում խոսել են վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, որոնք հայտնել են, որ պետք է որոշ կետերի հետ կապված միասնական որոշում կայացնեն, որպեսզի Մհեր Գրիգորյանն առաջիկայում դրանք ներկայացնի ստեղծված հանձնաժողովին: Ներկաները տպավորություն են ստացել, որ կրկին փաստաթուղթ է պատրաստվում ստորագրության, որի վերաբերյալ բովանդակային պատկերացում եւ քննարկում չկա»։
«Հրապարակ» թերթը գրում է. ««Հայաստան» դաշինքի` նոյեմբերի 25-ին կազմակերպած «Սահմանազատման եւ սահմանագծման հիմնախնդիրներ» թեմայով լսումներն առաջին հայացքից լավ են անցել` մեծ թվով ելույթներ, հայտարարության տեքստ, լայն լուսաբանում: Սակայն, մեր տեղեկություններով, որոշ դժգոհություններ են եղել: Կազմակերպիչները դժգոհ են մնացել, որ ոչ բոլոր հրավիրյալներն են եկել: Օրինակ` ԲՀԿ-ից եւ ՀՀԿ-ից ոմանք չեն եկել: Իսկ «Պատիվ ունեմ» դաշինքի որոշ ներկայացուցիչներ շատ կարճ են մնացել, արագ հեռացել են: Բանն այն է, որ դահլիճում ներկա է եղել Նորք-Մարաշի զինված բանդայի ղեկավար Արթուր Վարդանյանը, որը 2015-ին մեղադրվեց Սերժ Սարգսյանի նկատմամբ մահափորձ նախապատրաստելու մեջ եւ բանտից ազատվեց 2019-ի սեպտեմբերին: Եվ ՀՀԿ-ականները նրա ներկայությունն անթույլատրելի են համարել դահլիճում»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Հայաստան» դաշինքը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախագահությամբ երեկ նիստ է արել։ Օրաթերթին հայտնի դարձավ, որ նիստի ժամանակ ԱԺ ընդդիմադիրների հետ Քոչարյանը քննարկել է եկող շաբաթ մեկնարկող քառօրյայի նիստերը բոյկոտել-չբոյկոտելու հարցը։ Մեզ հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը նշեց` բոյկոտը կոնկրետ նախորդ քառօրյային էր վերաբերում։ «Հայաստան» խմբակցությունը, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի լուրերի, առաջիկայում մտադիր է բոյկոտը շարունակել խորհրդարանի այլ հարթակներում, հիմնականում՝ միջազգային»։
«Իրավունք» թերթը գրում է. «Մինչ մամուլը գրում է, թե ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն առաջիկա օրերին կնշանակվի Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, ավելին՝ նրա ագրեմանը հաստատվել է, պարզվում է՝ իրականությունը μոլորովին այլ է: Թերթի ունեցած տեղեկությունների համաձայն՝ Վաղարշակ Վառնազիչի նշանակման հարցը ձգձգվում է, իսկ ագրեմանը չկա ու չկա: Իշխանությունը մտավախություն ունի, որ նրա ագրեմանն այդպես էլ չեն հաստատի ՌԴ-ում: Ուստի՝ արդեն իսկ այլընտրանքային թեկնածու են գտել` որպես «բոյեվոյ զապաս»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարությունում «արմատական» փոփոխություններ են տեղի ունեցել։ Հայրենի գործադիր իշխանությունը, ճիշտ է` նեղացնում է մեր երկրի սահմանները, բայց փոխարենը` լայնացնում է կառավարության բուֆետի անցքը։ Խոսքը նկարում պատկերված անցքի մասին է, որը տանում է դեպի ճաշարան։ Այն դեռ նախկինների թվերից նեղ էր ու անհարմար, եւ կառավարության աշխատակիցներն ու երբեմն այնտեղ հայտնվող լրագրողները ստիպված էին լինում կռանալ, որ անցնեին այդ անցքի միջով ու հասնեին ճաշարան։ Երեկ նկատեցինք, որ երբեմնի նեղլիկ անցքը լայնացրել են, որը կարող ենք որպես դրական փոփոխություն դիտել` կառավարության կողմից։ Այսուհետ այլեւս կարիք չի լինի կռանալու, ինչպես Հայաստանի իշխանություններն են կռանում թշնամի եւ անգամ բարեկամ պետությունների ղեկավարների առաջ»: