«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, շուտով Հայաստանից հետ է կանչվելու Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Նա Հայաստանում դեսպան է նշանակվել 2018 թվականի ապրիլին, եւ թվում է` «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի մեջ տեղավորվում է նրա հետկանչը, քանի որ դիվանագետների հետ աշխատանքային պայմանագիրը կնքվում է 3 տարով, եւ Կոպիրկինի 3 տարին արդեն լրացել է: Սակայն եթե պետությունը գոհ է իր ներկայացուցչից, այդ պայմանագիրը, որպես կանոն, երկարացվում է: Իսկ ռուսական դեսպանները, որեւէ «չեպե» չլինելու դեպքում, անպայման շարունակում են աշխատել դեսպանընկալ երկրներում: Այս դեպքում, ըստ ամենայնի, կան դժգոհություններ, եւ գործող դեսպանի հեռանալը նաեւ դրանով է պայմանավորված լինելու»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ժամանակին «պադավատապետությունից» ու բյուջեի անիմաստ ծախսերից բողոքող Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունը ոչ միայն շարունակում են իրենց քննադատած արատավոր երևույթները, այլև շատ դեպքերում նորանոր հակառեկորդներ են սահմանում՝ ճոխ պատգևավճարների, նոր ծառայողական մեքենաներ գնելու և այլ շռայլությունների տեսքով: Թերթի տեղեկություններով, իշխանական որոշակի շրջանակների նաև այս առումով է նյարդայնացնում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, քանի որ համարվում է «սպիտակ ագռավ»: Բանն այն է, որ նա, ի տարբերություն գործող իշխանության ներկայացուցիչների, ցուցադրական 1-2 անգամ չի երթևեկել հեծանիվով, մետրոյով կամ չեղած տրամվայով, ապա երթևեկել «պադավատով»: Մարությանը ի սկզբանե հրաժարվել է թիկնապահներից, ինչպես նաև վարորդի ծառայություններից»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. « «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նշանակումից հետո պարբերաբար իր մոտ է կանչում ՊՆ տարբեր վարչությունների աշխատակիցների եւ անձամբ է ծանոթանում նրանց գործառույթներին: Հանդիպումների արդյունքում ՊՆ ղեկավար կազմում որոշակի վերլուծություններ են արվել, որ կադրային փոփոխությունները պետք է սկսվեն վարչությունների աշխատակիցների փոփոխություններով, որպեսզի բացառեն նախարարությունում ձևավորված «ավանդույթները»: Բանն այն է, որ նորանշանակ նախարարին հասկացրել են, որ նախարարության վարչությունների աշխատակիցները մեկը մյուսի վրա են գցում աշխատանք կատարելու պատասխանատվությունը, և շատ դեպքերում գործն առաջ չի գնում: Նման դեպքերը բացառելու համար ՊՆ որոշ վարչություններում շուտով համատարած ազատումներ կլինեն»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախկին պատգամավոր Թեւան Պողոսյանը մի քանի ամիս է՝ այլեւս նախագահ Արմեն Սարգսյանի խորհրդականը չէ։ Թեեւ նա Սարգսյանին խորհուրդներ էր տալիս հասարակական հիմունքներով` առանց վարձատրության։ Պողոսյանը մեզ ասաց, որ իր վերջին շփումը նախագահի հետ ապրիլին է եղել, երբ նա այցելել էր Սյունիք։ Նրա անունը՝ որպես նախագահի խորհրդականի, ի դեպ, նախագահականի կայքում երբեւէ չի նշվել։ Նա մեզ ասաց, որ հիմա էլ է պատրաստ Արմեն Սարգսյանին իր խորհուրդներով օգնել, երբ որ նա այցելի Արցախ եւ իր կարիքը զգա։ «Նախագահը եթե որոշի գնալ, մեծ ուրախությամբ կգնամ նրա հետ»,- ասաց Պողոսյանը»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երկար փնտրտուքներից հետո իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վերջապես Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու է գտել։ Իշխանությունը, «ժողովուրդ» օրաթերթի ունեցած հավաստի տեղեկություններով, սեփական քիմքին հարիր օմբուդսմեն ունենալու համար երկար է աջուձախ ընկել։ Մի քանի թեկնածուի, այդ թվում՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանի թեկնածությունը դիտարկելուց հետո՝ երեկ, հայտնի դարձավ, որ իշխանականները վերջապես գտել են ապագա ՄԻՊ-ին։ Նա արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանն է՝ Պետեկամուտների կոմիտեի նախագահ, արդարադատության նախկին նախարար Ռուստամ Բադասյանի մտերիմը, ում միջոցով էլ հայտնվել էր նախարարությունում»։